Հնդկաստանում 2024 թվականին շոգի շրջանը դարձել է ամենաերկարատևը երկրի պատմության մեջ
Հնդկաստանում մինչև այժմ շարունակվող շոգի ալիքը դարձել է ամենաերկարատևը երկրում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի oդերևութաբանական վարչության (IMD) ղեկավար Մրուտյունջայ Մոհապատրային։
Հինդուստանում տապի ալիքները, հավանաբար, կկրկնվեն նաև հետագայում։
«Մայիսի կեսերից ի վեր հյուսիսային Հնդկաստանի որոշ շրջաններ ընդգրկել է շոգի ալիքը, ջերմաստիճանը բարձրացել է 45 աստիճանից: Սա (շոգի) ամենաերկարատև շրջանն է, քանի որ այն դիտվել է մոտ 24 օր շարունակ երկրի տարբեր մասերում», – ասել է Մոհապատրան։
Սպասվում է, որ ջերմաստիճանը մոտ ժամանակներս կնվազի, քանի որ հունիսին ամենամյա մուսոնային անձրևներն արդեն սկսել են շարժվել դեպի Հնդկաստանի հյուսիս: Սակայն կլիմայական իրավիճակը վկայում է, որ տապն ամբողջությամբ չի հեռանա։
«Ջերմային ալիքները կլինեն ավելի հաճախակի, երկարատև և ինտենսիվ, եթե նախազգուշական կամ կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն», – ասել է IMD-ի ղեկավարը։
«Մարդու գործունեությունը, բնակչության աճը, ինդուստրալացումը և տրանսպորտային համակարգերը հանգեցնում են ածխածնի օքսիդի, մեթանի և քլորածխածինների կոնցենտրացիայի ավելացման», – հավելել է Մոհապատրան:
Նրա խոսքով՝ Նյու Դելիում պաշտոնապես հաստատված ջերմաստիճանը հասել է նախորդ ռեկորդային մակարդակին՝ ըստ Ցելսիուսի 49,2 աստիճանի, որն առաջին անգամ գրանցվել է 2022 թվականին։ Դա մայրաքաղաքի իշխանություններին ստիպել է հայտարարել տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: