Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ովքեր ուսումնասիրում են խնդիրը և պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ ու մարզպետի հանձնարարականով արդեն համապատասխան աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն ինչ եղանակով են վտանգավոր քարերը հեռացնում։