Փաշինյանին ուղղված Պուտինի զանգի ներքո կար հստակ ուղերձ, կլինի՞ այն ընդունելի, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը․ ռուս վերլուծաբան

Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգ-շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին շարունակում են լայնորեն քննարկել ռեգիոնալ փորձագիտական շրջանակներում։ Նույնիսկ Ադրբեջանում անտարբեր չեն մնացել այդ զանգի նկատմամբ, հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահը հաճախ չէ նախաձեռնում հեռախոսային խոսակցություններ՝ հատկապես Ուկրաինայում սկսված պատերազմից հետո։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ զանգն իրականում ազդակ էր առ այն, որ Մոսկվան նրան շանս է տալիս:

«Անկասկած, դա ազդակ էր առ այն, որ մենք ձեր մասին հիշում ենք… Եթե հիշում եք՝ մինչ այս ՌԴ ղեկավարության կողմից ազդակ էր ուղարկվել, երբ նախկին նախագահ Քոչարյանը բանտում էր, շնորհավորեցին նրա ծննդյան օրը: Իսկ որոշ ժամանակ անց նրան բաց թողեցին: Հիմա սա Փաշինյանին ուղղված ազդակ էր, որ ամեն ինչ նորմալ է… ՀԱՊԿ-ին չեկար, աթոռը դատարկ մնաց, հասկանում ենք՝ ժամանակ է պետք»,-  մեկնաբանել է Մամեդյարովը:

Վերջինս ակնարկել է, որ ռուսները Փաշինյանի իշխանությանը շանս են տալիս։

Կարդացեք նաև

Չնայած այս զանգին՝ ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ Հայաստանը խուսափում է արտգործնախարարության և պաշտպանության նախարարության խողովակներով շփվել Ռուսաստանի հետ։

Գալուզինը սա համարել էր Արևմուտքի ճնշման արդյունք։

Դիվանագետը հմտորեն շրջանցել էր Փաշինյան-Պուտին շփումների հարցը, թեև գաղտնիք չէ, որ նրանց մակարդակով շփումներ ևս գրեթե չկան, բացառությամբ Փաշինյանի մայիսյան այցին Ռուսաստան, որտեղ նա մասնակցեց ԵԱՏՄ հոբելյանական նիստին և առանձնազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պուտինի նախաձեռնությանը, նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում վտանգավոր միտումները մոտեցել են  այդ հարաբերություններին անդառնալի վնասներ հասցնելու փուլին։

Ըստ նրա, ռուսական կողմն աննախադեպ քայլի է դիմել՝ դեսպանին կանչել է Մոսկվա, արձանագրվում է, որ նախարարությունների մակարդակում համագործակցություն գրեթե չկա՝ հանդիպումներ, երկխոսություն, բանակցություն գոյություն չունի։

«Տևական ժամանակ այս հարաբերությունները ՌԴ-ի կողմից մեկնաբանել են, փորձել են քայլեր իրականացնել ավելի ցածր օղակները, կարծում եմ՝ ապարդյուն։ Եվ իրավիճակը հասել է այն կետին, երբ ռուսական նախաձեռնությամբ այս զանգ-շնորհավորանքը ՀՀ-ի հանդեպ ՌԴ քաղաքական կամքը, հարաբերությունները զարգացնելու ցանկությունը ցուցադրելու, ինչ-որ ուղերձներ հասցնելու, իրավիճակը հստակեցնելուն ուղղված քայլ էր։

Չեմ կարծում, թե այն իրականում էականորեն փոխելու է մթնոլորտը, իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում, սակայն, կարծում եմ՝ զանգի ներքո կար հստակ ուղերձ, որը հայկական կողմի համար լիովին հստակ է։

Կլինի՞ ընկալելի ու ընդունելի՝ ցույց կտա ժամանակը։ Ես իմ պատկերացումն ունեմ, որ այս իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում դեռ պահպանվելու է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս