Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի

ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված ՀՀ տարածքին։

Իրավիճակը հասկանալու համար ՍպուտնիկԱրմենիան նախ հարցում է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովը ղեկավարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։

Կայքի թղթակցին հորդորել են հարցերն ուղարկել Կադաստրի պետական կոմիտե, սակայն այնտեղ էլ պատասխան չեն տվել։

«Այդ հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է Կադաստրի կոմիտեի իրավասություններից»,- պատասխանել են կոմիտեից։

Հարցին, թե ո՞ր քարտեզների հիման վրա է կազմվել Կադաստրի էլեկտրոնային քարտեզը, մասնավորապես սահմանային հատվածների դեպքում, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ տարածքում 1998-2005 թվականների ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ։

«Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում (լիցենզիա) ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով: Կադաստրային քարտեզագրման աշխատանքների համար ելակետային նյութեր են հանդիսացել անշարժ գույքի վերաբերյալ գրաֆիկական և տեքստային իրավական փաստաթղթերը, տարբեր քարտեզները, հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, գլխավոր հատակագծերը, գեոդեզիական հիմքի կոորդինատների ժողովածուները», -նշված է պատասխանում։

Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզին, ընդգծվում է, որ այն հանդիսանում է Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի քարտեզագրական մոդուլ, որտեղ ներառված են քարտեզագրման տվյալների հիման վրա ձևավորված և ընթացիկ վարվող էլեկտրոնային կադաստրային քարտեզները:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս