Եթե Հայաստան-Արևմուտք ռազմատեխնիկական համագործակցությունը խորանա, իսկ Հայաստանը չլքի ՀԱՊԿ-ը, խնդիրներ կառաջանան․ վերլուծաբան

ՌԴ ԱԳ նախարարությունը սկսում է զգուշացնել Հայաստանին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հովանու ներքո անցնելու հետևանքների մասին։ Комсомольская правда-ի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։

«Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և անվտանգության գործող համակարգի անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է և անհեռատես»,- ասում է Գալուզինը։

Կարդացեք նաև

ՌԴ փոխարտգործնախարարը գտնում է, որ ինչ էլ խոստանան արևմտյանները, որոնք դրդեցին Հայաստանի իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, այսօր արդյունավետ այլընտրանքներ չկան։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ  հայտնել է Երևանին հուզող հարցերը քննարկելու իր պատրաստակամության մասին։

Նրա խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ «Հայաստանի ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստնություն՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր նշանակությունը՝ հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից»:

Այս մեկնաբանությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանեց, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում շփումներից չի հրաժարվում։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ այս դեպքում պետք է հիմք ընդունել փոխարտգործնախարարի խոսքը։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես քաղաքական հարաբերությունները, թուլանում են ՀՀ իշխանությունների կայացրած արտաքին քաղաքական որոշումների, ինչպես նաև պատերազմի պայմաններում ՌԴ ռազմատեխնիկական հնարավորությունների նվազման ֆոնին։

Այսինքն, Ֆելգենգաուերի կարծիքով, կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որպեսզի ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև նվազի։

«Սակայն բնական է նաև, որ եթե Հայաստան-Արևմուտք համագործակցությունն այդ ոլորտում նաև խորանում է, իսկ Հայաստանը չի լքում ՀԱՊԿ-ը, ապա այստեղ խնդիրներ են առաջանում, քանի որ ՌԴ-ն ու Արևմուտքը պատերազմի մեջ են, և նման իրավիճակը ռիսկեր կստեղծի, ուստի, եթե Հայաստանի լիարժեք արևմտականացումը տեղի ունենա, ապա հայ-ռուսական հարաբերություններից կմնա միայն տնտեսական մասը։

Ուստի ներկայումս պահպանվում է համագործակցությունը, թեև կարծում եմ, որ այն թեժ ու ակտիվ փուլում չէ, նոր բանակցություններ ու համագործակցություն չկա, առավել ևս՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ պաշտպանության նախարարների մակարդակով, ԱԳ նախարարների մակարդակով շփումներ գրեթե չկան։ Ուստի դիվանագիտական հայտարարությունները մի բան են, իսկ քաղաքականությունը՝ մեկ այլ բան։ Այս դեպքում ռուսական կողմը դիվանագիտական հայտարարություններ է անում, սակայն հարաբերություններում արդեն էական փոփոխություններ կան»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Երևան-Փարիզ ռազմատեխնիկական համագործակցությանը՝ վերլուծաբանը գտնում է, որ սրանք ոչ այնքան միտված են և լուծում են ռեգիոնալ ուժային բալանսի վերականգնման հարց, որքան ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։

«Սա ցույց է տալիս Փարիզի աշխարհաքաղաքական հավակնությունների նոր մակարդակը, ինչպես նաև Հայաստանին ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը լքելու դեպքում ՀՀ-ն ունի այլընտրանք։

Թե որքանով է դա իսկապես այլընտրանք և ինչին է այլընտրանք՝ այլ թեմա է, սակայն Արևմուտքը Հարավային Կովկասում լիարժեք ազդեցություն հաստատելու խնդիր ունի, այդ ազդեցությունը դեռ հաստատված չէ, քանի դեռ չկա Խաղաղության համաձայնագիր, և քանի դեռ Հայաստանում կա ռուսական ներկայություն, ինչպես նաև՝ քանի դեռ ՀՀ-ն չի լքել եվրասիական կառույցները»,- ասաց վերլուծաբանը։

Սակայն, ըստ նրա, ինչպես Արևմուտքն է փոխել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այնպես էլ՝ Ռուսաստանը։

«Պարզամիտ խոսակցությունները, թե Ռուսաստանը կհեռանա ռեգիոնից կամ կմնա, տեղին չեն, քանի որ լիովին այլ բնույթի փոփոխություններ են տեղի ունենում, եթե ՌԴ-ն ՀՀ-ում չունենա ազդեցություն, չի նշանակում, որ ռեգիոնում մեկ այլ վայրում չի կարող ունենալ ազդեցություն կամ համագործակցություն։ Բացի այդ, ՌԴ արտաքին քաղաքական կոնցեպտը և շահերը ևս փոխվում են, Ռուսաստանը զարգացնում է համագործակցությունը դեպի Արևելք ու դեպի Հարավ։ Կարծում եմ՝ առաջիկայում սա ավելի պատկերավոր կդառնա»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ վերլուծաբանն ասաց, որ կառույցի խնդրահարույց բնույթի մասին խոսել է դրա գործունեության սկզբնական փուլից։

«Ակնհայտ էր, որ ռազմատեխնիկական ոլորտում այս երկրներին շահեր չեն կապում, սակայն ՌԴ-ն ՀԱՊԿ բոլոր երկրների հետ կան առանձնահատուկ հարաբերություններ, ու սա գործիք էր դա ամրապնդելու, ինչպես նաև ունենալու կառույց ՆԱՏՕ-ի նմանությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դա չհաջողվեց»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ֆրանսիան օրերս հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

Բաքուն դատապարտեց այդ գործարքը՝ հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Տեսանյութեր

Լրահոս