Փաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել

Հունիսի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց  կայացավ։ ՌԴ պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ, ՌԴ նախագահը նախ հեռագրով շնորհավորել է Փաշինյանին ծննդյան կապակցությամբ, ապա զանգահարել։ ՌԴ նախագահի շնորհավորանքում ասվում է․ «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որ այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ ձեր կառավարության գործունեության մեջ»։

Իսկ հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցեր։ Իսկ ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Ուշագրավն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց, ինչն ըստ էության առանձնահատուկ և հազվադեպ հանգամանք է Փաշինյան-Պուտին շփումների պատմության ընթացքում, տեղի է ունենում Երևանից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ետկանչի և ՌԴ-ում ՀՀ դեսպանի նոր թեկնածուի ի հայտ գալուն, ինչպես նաև Փաշինյանի դեմ թափ առնող Բագրատ սրբազանի շարժմանը զուգահեռ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում, գնահատելով հեռախոսազանգը հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների ֆոնին, ասաց, որ այս շրջափուլում տեղի է ունենում հայ-ռուսական ավանդական հարաբերությունների և հարաբերությունների ավանդական ընկալման փոփոխություն։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, ըստ էության սա աշխարհի, հետսովետական ռեգիոնի համար մի իրավիճակ է, որը նոր է բոլորի համար՝ խոսքը թե նոր աշխարհակարգի ձևավորումն է, թե պատերազմը, թե տրանսֆորմացիաները, որոնք բխում են այս զարգացումներից և որոնց նպատակով էլ նախաձեռնվել են այս զարգացումները։

Վերլուծաբանը գտնում է, որ աշխարհաքաղաքական վերոնշյալ զարգացումները և մի շարք գոտիներում ճգնաժամերը թույլ են տալիս դրանց միջոցով գտնել հարաբերությունների նոր մոդելներ, հարմարվելով ուժային նոր դերակատարների հետ։

«Իսկ հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան, որը գուցեև դեռ շարունակվի, ակնհայտ է՝ կողմերը երկուսն էլ ներկայումս շեշտը դնում են համագործակցության տնտեսական բաղադրիչի վրա։ Իսկ անվտանգության մասով ՌԴ-ն այլևս նախկին համակարգերը չի էլ դիտարկում՝ ելնելով մի շարք պատճառներից։ Ինչպես հասկացանք վերջերս ՌԴ նախագահի Բելառուս կատարած այցից, անվտանգային համակարգի նոր մոդելներ են քննարկվում։ Իսկ տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակում են երկու երկրների համար կարևոր մնալ։

Չնայած հարաբերություններում ցնցումներին՝ Հայաստանը, ինչպես տեսնում ենք, շատ այլընտրանքներ չունի, թեև փորձում է հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, խորացնել Արևմուտքի հետ։ Հայ-ռուսական տնտեսական կապերն այս փուլում աժեքավոր են երկու երկրների համար էլ, սա պետք է ընդունել»,- նկատեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է զանգի փաստին, ապա Լուկիանովը գտնում է, որ դա ևս մեկ անգամ ցուցադրում է ՌԴ-ի՝ հայ-ռուսական հարաբերությունները չսրելու և հարաբերությունները շարունակելու ցանկությունը, չնայած այն հանգամանքին, որ Երևանից մշտապես հնչում են ոչ միանշանակ հայտարարություններ, այդ թվում՝ և այն, որ ՀԱՊԿ երկու անդամ երկրներ մասնակցել են ՀՀ-ի դեմ պատերազմի նախապատրաստությանը։

«Կարծում եմ՝ կողմերը հասկանում և ընդունում են, որ նոր իրավիճակում պատրաստ են նոր հարաբերություններով առաջ շարժվել։ ՌԴ-ն իր կողմից որևէ պատճառ չի տալիս, որպեսզի հարաբերությունները սրվեն, և դա դրական հանգամանք է։
Միևնույն ժամանակ ՌԴ-ում վստահաբար հետևում են ներքաղաքական զարգացումներին, սակայն դրանց ևս փորձում են որևէ կարծիքով չխանգարել, չմիջամտել։ Իսկ նման զանգի դեպքում կարևոր է ինքնին զանգի փաստը, այլ ոչ թե բովանդակությունը, իսկ զանգը ցույց է տալիս ՌԴ-ի կողմից հարաբերությունները տնտեսական շեշտադրումով շարունակելու պատրաստակամությունը»,- ասաց նա։

Լուկիանովը նաև պատահական չի համարում ոչ դեսպանի ետկանչը Երևանից, ոչ էլ ՀՀ դեսպանի փոփոխությունը։

«Կողմերը, ըստ երևույթին, փորձում են հարմարվել նոր իրողություններին։ Բայց ուշադրություն դարձնեմ նաև այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը որևէ իրատեսական այլընտրանք չի առաջարկում մի շարք խնդիրներ ունեցող Հայաստանին»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս