Վեհափառի դեմը փակողները չգիտեն՝ Եկեղեցին հալածանքներից միայն ուժեղանում է. Արմեն Աշոտյան
Այսօր ավանդաբար, ինչպես յուրաքանչյուր դատական նիստից հետո, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց 168.am-ի կարճ հարցերին:
«Վեհափառի առաջ մուտք փակողը քրիստոնեությունից կիլոմետրերով հեռու է, որովհետև որքան էլ զարհուրելի է այդ ամենը, բայց պետք է իմանալ, որ քրիստոնեությունը հալածանքներից ուժեղանում է: Հավատը հալածանքներից հզորանում է, և իրականում Վեհափառի դեմը փակելով՝ Վեհափառին և քրիստոնեական եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի մուտքը դեպի հուշահամալիր ոստիկանական բանդաների կողմից խոչընդոտելու ամոթալի փաստին:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից պայքարող մարդկանց տրված «կղերաֆեոդալներ» բնորոշմանը, Արմեն Աշոտյանը նկատեց՝ երբ Նիկոլ Փաշինյանն այդ բառն օգտագործում է, ապացուցում է, որ սովետական պատմագիտության մեջ է մնացել:
«Վերջին անգամ Սովետն է տենց բառ օգտագործել: Ու ակնհայտ է, որ ինքը նեոբոլշևիկ է, ու իրականում տենց շարիկովանման իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական»,- ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդարանի՝ գալիք շաբաթ կայանալիք ընտրություններին:
«Հուսով եմ՝ Եվրամիության հաջորդ իշխանությունները Հայաստանի անմեղսունակ գեոպոլիտիկ վարքից չեն օգտվի էս պահին և ավելի պատասխանատու կլինեն տարածաշրջանում: Հաջողություն եմ մաղթում Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ): Իհարկե, ավելի մեծ համերաշխության ու հետևողականության հույս ունեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Պայքարող քաղաքացիներին ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց շարունակել պայքարել, չհանձնվել:
Մանրամասները՝ տեսանյութում: