ՌԴ մոտեցումները, դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյանի ելույթը «Լազարյան ակումբի» 6-րդ նիստում
Մոսկվայում ընթացողմ Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» 6-րդ նիստում ելույթ է ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Ստորև ներկայացնում ենք ելույթը.
«Հայ-ռուսական հարաբերությունների ավանդական, պատմական կամ բնական հիմքի մասին այս անգամ չեմ խոսի, ոչ թե նրա համար, որ դրանք այդպիսինը չեն, կամ ինչ-որ բան է փոխվել, այլ, որ այստեղ գտնվող անձինք միանշանակ դրա մասին գիտեն:
Առանձնապես երկար չեմ ուզում խոսել նաև ներկայումս Հայաստանի ու Ռուսաստանի միջև ձևավորված պատի մասին, որովհետև դրա մասին անընդհատ արձանագրումներ արվում են, բայց իրավիճակը ոչ միայն դրական ուղղությամբ չի շարժվում, այլ աստիճանաբար կայուն անկման դաշտ է մտնում:
Այն, ինչ հնչում է Հայաստանից և, ի դեպ, որոշ դեպքերում՝ նաև ՌԴ-ից, կապ չունի՝ դրանք փորձագիտակա՞ն, թե՞ քաղաքական հանրությունից է հնչում, քանդված հարաբերությունները վերանորոգելու, վերակառուցելու փոխարեն՝ պարզապես արմատախիլ են անում եղածն ու ապագայի հույսերը:
Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած հիմնական գործոնները փոփոխության են ենթարկվել, որի պայմաններում ՌԴ-ն ու ՀՀ-ն չեն կարող լինել միևնույն նավում՝ միանշանակ ոչ: Իրականում երկուսիս էլ այդ հարաբերություններն ու դրա վերականգնումը՝ քաղաքական, ռազմական, ռազմավարական ճիշտ հունի վրա դնելը փոխշահավետ է և բխում է երկու երկրների շահերից:
Ես հաճախ եմ հանդիպում ՌԴ-ից հնչող այնպիսի հայտարարություններ, որի համաձայն՝ ՀՀ գործող իշխանությունն ու նրա ղեկավարը հետևողականորեն քանդում են կամ վնասում հայ-ռուսական հարաբերությունները: Իհարկե, դրա օգտին խոսող տարբեր գործոնների մասին ինքս ևս կարող եմ երկար խոսել, բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացի՝ այսպիսի ծայրահեղ հունով գնալուն երբեմն նպաստում են նաև ՌԴ-ի՝ Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում իրականացվող քաղաքականությունը:
Անկեղծ ասած, իմ խնդիրը չի, և ես չեմ էլ ուզում ձեր ներքին խոհանոցային դաշտ մտնել, բայց այն առաջահերթությունները, որոնք դրված են Հայաստանի դեպքում՝ լավն են, թե վատը՝ չեմ ուզում գնահատել, բայց որ դրանք չեն աշխատում, դա գոնե ինձ համար միանշանակ է:
Ռուսաստանն ու Հայաստանը պետք է վերանայեն այն սկզբունքները, որոնք վաղուց արդյունավետության հետ խնդիրներ ունեն: Կան նաև շատ հարցեր, որոնք իրավիճակային զարգացումներով պայմանավորված՝ փոփոխություն են ենթադրում, սակայն ՌԴ-ն կարծես ոչ թե օրակարգեր առաջադրելու, դրանք առաջ հրելու, այլ այլոց օրակարգերի հետևանքների դեմ պայքարի փուլում է:
Հայաստանյան իշխանության հետ խնդիրներն առաջին հերթին աշխարհաքաղաքական բնույթ ունեն, սակայն միջին վիճակագրական հայի համար էլ ՌԴ մոտեցումները, դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի, և այս հանգամանքն ուժեղացնում է բոլոր այն ուժերի աշխատանքը, ովքեր կյանքի ու մահվան կռիվ են հայտարարել ՌԴ-ին ու Հարավային Կովկասում նրա ներկայությանը:
Երկկողմ ջերմ հարաբերությունների վերականգնումը պետք է սկսել երկու ժողովուրդների համար ընկալելի լինելուց, իրական բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները հասարակության լայն շերտերի համար տեսանելի դարձնելուց: Դա մեր բոլոր խնդիրները չի լուծի, սակայն ներքևից ցանկացած իշխանության համար ճնշման միջոց կդառնա, որի պարագայում որևէ իշխանություն չի կարող անտեսել հանրային պահանջմունքներն ու ընկալումները:
Էլիտաների հետ աշխատանքը լրիվ այլ օպերայից է, որտեղ կան մեծ թվով տարընթերցումներ, չվերականգնված վերքեր, սակայն ճիշտ կոմունիկացիան հիմնական խնդիրները կլուծի:
Պետք է շտապել, հակառակ դեպքում, հաջորդ նմանատիպ հանդիպման ժամանակ ոչ թե խոսելու ենք երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհների, այլ փակուղուց դուրս գալու մասին»: