Վաղը Սարդարապատի հուշահամալիրը կապամոնտաժեն էլ սրանք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Ես քանիցս ասել եմ՝ այս իշխանությունները հայկական չեն. ապազգային իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել»,- 168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպես արձագանքեց իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի և նրան ուղեկցող հոգևորականների՝ դեպի Սարդարապատ մուտքն արգելելու ջանքերին:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր ՝ ոստիկանները, շղթա կազմելով, խոչընդոտել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։Ընդ որում, սոցիալական հարթակներում հրապարակված տարբեր կադրերից պարզ է դառնում, որ հոգևորականների մուտքը երկու անգամ է խոչընդոտվում։ Սկզբում աստիճանների մոտ մեծ թվով սևբերետավորներ են կանգնեցնում, իսկ աստիճանների վերևում երկրորդ խումբն է սպասում նրանց։
«Վաղը Սարդարապատի հուշահամալիրը կապամոնտաժեն էլ սրանք, դրան էլ պատրաստ եղեք, Ցեղասպանության հուշահամալիրը:
Ես ժամանակին ասել եմ՝ սրանք երեք թշնամի ունեն՝ Արցախ, Սփյուռք և Եկեղեցի. Արցախի հարցը «լուծել են» իրենց խելքով, Սփյուռքի հարցը գրեթե լուծված է, միակ թշնամին մնացել է Եկեղեցին: Եկեղեցու պարագային իրենց ատամները պետք է փշրվեն, իրենք պետք է պարտվեն ու գցվեն պատմության աղբանոցը: Այդքան բան: Ինչքան ուզում են, թող իրենց խայտառակեն. Դրանով Կաթողիկոսը չի խայտառակվում, այլ իրենք՝ ամբողջ աշխարհի առաջ»,- ամփոփեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Նկատենք՝ այս աղմկահարույց միջադեպի ժամանակ Սարդարապատի հուշահամալիր էր ուղևորվում Նիկոլ Փաշինյանը. նրա այցը սպասվում էր առավոտյան, սակայն դեռ երեկվանից այնտեղ էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ու նրանց հեռանալուց հետո միայն, փաստորեն, Փաշինյանը որոշեց բարձրանալ: