Իրանը խուսափեց ցնցումներից, Հայաստանի մասով պահպանվելու է այն, ինչ հայտարարում էին Ռաիսին ու Աբդոլլահիանը․ իրանցի վերլուծաբան
Իրանը հրաժեշտ տվեց օրերս Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց մի շարք ուղեկիցներին։ Հայտարարված հնգօրյա սուգն ավարտվել է, ավիավթարի հետաքննությունը շարունակվում է, սակայն Իրանում կարծես փորձում են սկսել ընտրությունների նախապատրաստման գործընթացը։ Ինչպես հայտարարվել է՝ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կսկսվի մայիսի 30-ին, կտևի մինչև հունիսի 5-ը, իսկ թեկնածուների վերջնական ցուցակը կորոշվի հունիսի 11-ին։ Այնուհետև 15 օր կսահմանվի նախընտրական քարոզարշավի համար։ Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հաստատել է հունիսի 28-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը։ Նույն խորհուրդը հաստատում է նաև ընտրություններին մասնակցելիք թեկնածուների ցուցակը, որպեսզի ամենաարմատական գործիչները դուրս մնան պայքարից արդեն այդ փուլում։
«Իրանցի լրագրող» ռուսալեզու թելեգրամյան ալիքը ներկայացրել է հնարավոր թեկնածուներին՝ Իսխակ Ջախանգիրիին, Մոհամմադ Ջավադ Զարիֆին, Ալի Լարիջանիին, Մեհրդադ Բազարպաշին, Փարվիզ Ֆաթախին, Մահմուդ Ահմադինեջադին, Մոհամմադ Բագեր Գալիբաֆին, Սաիդ Ջալիլիին, Ահմադ Վահիդիին, Ալիրեզա Զականիին, Սեյեդ Յասիր Ջաբրաիլիին ու Մոհամմադ Մոհբարին։ Հարևան երկրներում այս անուններից ծանոթ են Մոհամմադ Մոհբարի և որոշ գործիչների անունները: Նա ներկայումս ժամանակավորապես զբաղեցնում է նախագահի պաշտոնը, Մահմուդ Ահմադինեջադը ԻԻՀ նախկին նախագահն էր, Մոհամմադ Ջավադ Զարիֆին ԻԻՀ ԱԳ նախկին նախարարն էր, Ալի Լարիջանին միջուկային ծրագրի հարցով նախկին գլխավոր բանակցողն էր, Գալիբաֆը խորհրդարանի խոսնակն է։
Փորձագետները դեռևս դժվարանում են կանխատեսումներ անել, սակայն Իրանում տեղի ունեցողն ու հնարավոր զարգացումները կարող են էական նշանակություն ունենալ Հայաստանի համար, ում համար Իրանը հանդես է գալիս՝ որպես տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երաշխավոր երկիր։ Հարկ է հիշեցնել, որ օրերս իրանական կողմին ցավակցելու նպատակով ԻԻՀ մեկնած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մի շարք առանցքային շեշտադրումներ էր արել, այն է՝
«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է արտացոլվի։ Դա հաշվի առնելով՝ մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը։ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, ուստի երկու երկրների հետ կապված հարցերը պետք է զգուշավորությամբ իրագործվեն»։
Խամենեին նաև մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ ասելով. «Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը պետք է շարունակել պարոն Մոհբարի առաջնորդությամբ»։
168․am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ուղղաթիռի կործանումը Իրանի կյանքում տեղի ունեցած մեծ ողբերգություն էր։ Ըստ նրա, այդ ցավալի, ծանր էջը դեռ երկար կհիշվի և այդ «ցավը» դեռ երկար զգացնել կտա թե բարոյահոգեբանական, թե քաղաքական հարթությունում։
Վերլուծաբանն ասաց, որ եթե խոսենք քաղաքականից, ապա Իրանի ներսում պատահարից հետո առաջին ժամերին գլխավոր անհանգստությունը պետական ապարատի աշխատանքի անխափանություն ապահովելն էր, ուստի առաջնորդը՝ Ալի Խամենեին, արեց անհրաժեշտ բոլոր ուղերձները, անմիջապես հայտարարվեց, որ կազմակերպվելու են ընտրություններ, ինչը ևս առանցքային հանգամանք էր այս ողջ գործընթացում, քանի որ բոլոր խաղացողների ուշադրությունն ուղղվեց ընտրությունների ուղղությամբ, որտեղ իրանական համակարգը բավականին լայն մեխանիզմներ ունի, որոնք երկիրը հեռու են պահում անակնկալ զարգացումներից։
«Սա թույլ տվեց երկիրն անցնցում փոխադրել նախընտրական փուլ, որտեղ թեկնածուները և քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումներն արտահայտել, քաղաքական լարվածությունը, եթե նույնիսկ կար այդպիսին, որոշակիորեն կթուլանա։ Կարելի է այսօր նույնիսկ արձանագրել, որ հնարավոր եղավ խուսափել զարգացումներից, որոնք սովորաբար հնարավոր են նման անսպասելի պատահարներից հետո, թեև Իրանի նախագահի պաշտոնն Իրանում նույնը չէ, ինչ այլ երկրներում: Իրանում երկրի քաղաքականությունը որոշում է հոգևոր առաջնորդը, և հենց այդ պաշտոնի շուրջ էին վերջին ամիսներին կենտրոնացած ներքաղաքական բոլոր կրքերը, քանի որ քննարկվում է հնարավոր թեկնածուն, որը կարող է ինչ-որ պահի փոխարինել ներկայիս առաջնորդին։ Սակայն զարգացումներն այլ կերպ դասավորվեցին, և այս փուլում սպասվում են նախագահական ընտրություններ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Իրանի աշխարհաքաղաքականությանը, ռեգիոնալ քաղաքականությանը և Հայաստանի հանդեպ քաղաքականությանը, ապա վերլուծաբանը գտնում է, որ ընդհանուր առմամբ, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, այդ քաղաքականությունն անփոփոխ է մնալու։
«Պատահական չէ, որ օրերս Ալի Խամենեին ընդգծեց Իրանի դիրքորոշումները, որպեսզի, եթե Իրանի ներքին զարգացումների ֆոնին կան մտահոգություններ, ապա դրանք ցրվեն, քանի որ ընդհանուր առմամբ քաղաքականությունը թելադրողը պահպանում է իր դիրքը, Հայաստանը կարևոր հարևան է, այստեղ, կարծում եմ, որևէ կարմիր գիծ չի փոխվելու։ Այն, ինչ նախագահ Ռաիսին հայտարարում էր՝ որպես Իրանի դիրքորոշում, այն, ինչ հայտարարում էր ԱԳ նախարար Աբդոլլահիանը, ուժի մեջ է նաև այսօր, այդ մասով ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվի։ Իրանի ներքաղաքական պնակը բազմազան է, իհարկե, սակայն արտաքին քաղաքական հիմնական ուղղություններում դիրքորոշումները նույնն են»,- արձանագրեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, կարևոր է այս փուլում ապահովել նաև արտաքին քաղաքականության շարունակականությունը, նաև այն բանակցությունների, հանդիպումների, պրոյեկտների շուրջ աշխատանքը, որով զբաղվել են նախագահը, ԱԳ նախարարը։
«Այստեղ հատկապես կարևորում եմ, կարծում եմ, դա նաև համապատասխան անձինք են անում, Հայաստանի հետ ներկայիս շփումները։ Ցավալի է, որ ծրագրվում էր ղեկավարների մակարդակով հանդիպում, որը, սակայն, տեղի չունեցավ, և չգիտես, թե երբ տեղի կունենա նման հանդիպում ՀՀ-ում՝ ա՞յս նախագահի օրոք, թե՞ ընտրություններից հետո։ Վերջին շրջանում այն տպավորությունն եմ ունեցել, որ Իրանը պատրաստ է հարաբերություններում ավելիին, այդ մասին բաց հայտարարություններ են հնչել, սակայն Իրանի այդ մտադրությունը դեռ իր արտացոլումը չի գտել հարաբերություններում»,- ասաց Սալամին։