Հաճելի է տեսնել, որ իրեն հատուկ ինքնահավան պոռոտախոսությունից զատ, ՔՊ-ի գանձապահը ձեռք է բերել նաև ինքնախոստովանական ուղղախոսություն. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նանե Գալստյանը նրան հարցրել է.
«Պարոն Աշոտյան, ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների վերջին պահվածքն Ազգային ժողովում»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Հասկանալի պատճառներով, ԱԺ նիստերին հետևելու կասկածելի հաճույքից զրկված եմ, սակայն մամուլի միջոցով ծանոթ եմ իշխանական «խունտայի» որոշ աղմկահարույց հայտարարություններին։
Առհասարակ նրանք իրենց լավ են զգում բացառապես այն շենքերում և վայրերում, որտեղ մեկուսացած են իրականությունից և ժողովրդից, իսկ հարյուրավոր տարաբերետ «ախռաննիկները» նրանց մոտ ստեղծում են կեղծ ապահովության զգացողություն։
Հիացած եմ չարահամբավ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ազնվությամբ։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու գործիքակազմը, որ օգտագործում է Նիկոլը, վաղուց է հայտնի, իսկ ես անձամբ եմ զգում իմ մաշկի վրա արդեն մեկ տարի։ Սակայն նման խստացված, համակարգված և բացահայտ կերպով, մինչև Խ․ Սուքիասյանը, այն ոչ մի նիկոլական չէր հնչեցրել։ Հաճելի է տեսնել, որ իրեն հատուկ ինքնահավան պոռոտախոսությունից զատ, ՔՊ-ի գանձապահը ձեռք է բերել նաև ինքնախոստովանական ուղղախոսություն։ Ցավում եմ, որ դեմոկրատիայի ջատագով որոշ դեսպաններ չլսելու և չտեսնելու կտան Սուքիասյանի այդ հերոսությունը։
Իմացա նաև, որ Նիկոլը հերթական անգամ իր տեղն էր փորձում որոշել հայոց պատմության մեջ։ Նախանձելի համառությամբ նա իրեն դասում է թագավորական շարքին՝ անցկացնելով միայն իր հիվանդագին երևակայությանը հասու զուգահեռներ։ Այնինչ իրականությունը շատ ավելի պրոզաիկ է․ Նիկոլի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ ոչ թե ազնվության թագավորների, այլ նզովյալ դավաճանների շարքում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: