Վարչապետի «խաչը»՝ ինչ է սպասվում

Իշխանություններն ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը։ Փորձում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը ոչ թե հայրենիքի փրկության, այլ իշխանության համար պայքար է։ Չեն հասկանում, որ այսօր Հայաստանում իշխանության գալն իսկական պատիժ է լինելու։ Այնպես են ապականել ամեն ինչ, որ մահապարտ պետք է լինել՝ իշխանության բեռը վերցնելու համար։

Ով էլ գա իշխանության կամ ով էլ լինի վարչապետ, պետք է գիտակցի, որ իրեն անասելի ծանր ու բարդ աշխատանք է սպասվում։ Երկիրը հիմա այն վիճակում չէ, որ մարդիկ ձգտեն իշխանության՝ սոսկ իշխանության գալու համար։

Այսպիսի բարդ ու ծանր իրավիճակում Հայաստանը չէր եղել անկախացումից ի վեր։

Իշխանությունների ջանքերով՝ օղակը Հայաստանի շուրջ այնքան է սեղմվել, որ դրանից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալը տիտանական ջանքեր է պահանջելու։ Երկիրը ներքաշել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ՝ ահագնացնելով սպառնալիքները բոլոր կողմերից։

Կարդացեք նաև

Սպառնալիքների տակ մաս-մաս հանձնում են երկրի տարածքները՝ հանուն իրենց հայտարարած կեղծ խաղաղության, որի ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը։ Ադրբեջանն օրական նոր պահանջներ է ներկայացնում, որոնք հոժարակամ բավարարում են։

Իշխանությունների զիջողական քաղաքականությունը բացել է թշնամու ախորժակը, ինչն այլևս հեշտ չի լինելու զսպել։ Բայց անհնարին ոչինչ չկա։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ, գերազանցապես իշխանությունների սխալների ու չմտածված քաղաքականության հետևանք է, որը, ինչքան էլ ծանր լինի ու անհնարին թվա, պետք է շտկել։ Ճիշտ ու հավասարակշռված քաղաքականություն վարելու պարագայում՝ մեծ ջանքերի գործադրմամբ, այնուհանդերձ դրան հասնելու հնարավորություններ կան։

Հայաստանի ապագա վարչապետի առջև ծառացած ամենաբարդ խնդիրը սա է լինելու։

Պետք է գիտակցել, որ ամեն մեկը չէ, որ ի վիճակի է լուծել այս խնդիրը, հատկապես այնպիսի ծանր անվտանգային միջավայրում, որի առջև կանգնեցրել են երկիրը։ Քանդել են բոլոր անվտանգային համակարգերն ու կառույցները։ Հեշտ չի լինելու դրանք միանգամից վերականգնելը։ Առավել ևս՝ այսօրվա աշխարհաքաղաքական հակասությունների, գլոբալ փոփոխությունների ու բազմաթիվ անորոշությունների պայմաններում։

Բայց այսօր Հայաստանի առջև կանգնած խնդիրները միայն անվտանգային չեն։

Ներքին կյանքում ևս շատ անելիքներ կան։ Ամենակարևորներից մեկը, թերևս, հասարակության համերաշխության վերականգնումն է, տարբեր շերտերի ու խմբերի միջև անհանդուրժողականության ու ատելության հաղթահարումը, որն այս իշխանությունների ջանքերով հասել է թշնամանքի։ Առանց հասարակական համերաշխության ու միասնության՝ անհնարին կլինի երկիրը հանել այս մղձավանջից։ Վարչապետի անձը դրա համար, անշուշտ, շատ կարևոր է, որպեսզի այն ընդունելի լինի շատերի համար։ Բայց պետք է հաշվի առնել նաև նրա կարողությունները։

Ներքին տնտեսական կյանքում քիչ խնդիրներ չեն կուտակվել, որոնք լուծելու համար ամուր կամք ու վճռականություն է պետք։

Որքան էլ առաջին հայացքից Հայաստանի տնտեսությունն աճում է, դա հեռանկարային աճ չէ։ Տնտեսությունը դուրս է եկել բնականոն զարգացման ծիրից ու նստել է թվացյալ աճերի վրա, որոնք պայմանավորված են բացառապես արտաքին գործոններով։ Եթե վաղը չլինեն այդ գործոնները՝ կանգնելու ենք ծանրագույն խնդիրների առաջ։ Եվ առաջին հերթին՝ պետության ծախսերի կատարման առումով։ Այսօր արդեն բյուջեի նախատեսված եկամուտները չի հաջողվում հավաքել, չնայած տնտեսության աճը սպասվածից նույնիսկ գրեթե կրկնակի բարձր է։

Թվում է, թե այդ պայմաններում բյուջեի եկամուտները պիտի գերակատարվեին, բայց թերակատարվում են։

Առաջիկայում ավելի դժվար է լինելու։

Պետք է քայլեր ձեռնարկվեն տնտեսական իրավիճակը, տնտեսության կառուցվածքը շտկելու համար։

Այս կառուցվածքով Հայաստանի տնտեսությունն ապագա չունի։

Առևտրով երկիր չեն պահում, անհրաժեշտ են տնտեսական ծրագրեր, որոնք կարող են պայմաններ ստեղծել երկարաժամկետ ու կայուն աճերի համար։ Այսօրվա աճերը բոլորովին այդպիսին չեն։ Ու նաև դա է պատճառը, որ բյուջետային խնդիրները սկսել են գլուխ բարձրացնել։

Պետք է վերանայել իրականացվող հարկային քաղաքականությունը, որը խթաններ ապահովելու փոխարեն՝ ուղղված է բացառապես տնտեսության ու հասարակության վրա հարկային բեռն անընդհատ ավելացնելուն ու ծանրացնելուն։ Տնտեսությանը մի կողմից՝ աշխատելու հնարավորություններ չեն տալիս, պայմաններ չեն ստեղծում, մյուս կողմից՝ խեղդում են հարկերով։

Տարիներ շարունակ փողը քամել են տնտեսությունից, հանել շրջանառությունից՝ տարել բանկերում ավանդ են դրել, սառեցրել են՝ տնտեսական ծրագրերի միջոցով վերադարձնելու փոխարեն։

Որպես այդպիսին, Հայաստանին երկարաժամկետ ու համապարփակ տնտեսական քաղաքականության ծրագիր է պետք, որն այդպես էլ այս տարիներին չկարողացան ներկայացնել։

Անծրագիր քաղաքականության հետևանքն էլ այսպիսին պիտի լիներ։

Անելիքները բազմաթիվ են՝ և ներքին տնտեսական, և՛ անվտանգային առումով։ Բայց մտածել, որ մեկ մարդ՝ ի դեմս վարչապետի, որքան էլ այն բոլոր առումներով պատրաստված լինի, կարող է այս ամենից գլուխ հանել, միամտություն է։

Դրա համար կարևոր է ոչ միայն վարչապետի անձը, այլև կառավարության կազմը։

Ովքե՞ր են այսօրվա կառավարության անդամները. Մարդիկ, որոնք շատ դեպքերում բացարձակ կապ, փորձ ու հմտություններ չունեն իրենց ղեկավարած ոլորտների հետ։

Ո՞վ էր Արարատ Միրզոյանը մինչև արտգործնախարար դառնալ, ի՞նչ կապ ուներ դիվանագիտության հետ։ Ի՞նչ ասես այսօրվա դիվանագիտական կորպուսի մասին, որտեղ հավաքվել են դիլետանտները, իրենց գործից անտեղյակ ու հեռու մարդիկ։ Պարզ չէ՞, որ այս մարդկանցով այսպիսին էլ պիտի լիներ մեր արտաքին քաղաքականությունը։

Այնպես չէ, որ միայն դիվանագիտական կորպուսն է այդպիսին։ Գրեթե բոլոր տեղերում է այդ վիճակը։ Նույն էկոնոմիկայի նախարարը, ով երբևէ իրական տնտեսության հետ առնչություններ չի ունեցել, ղեկավարման փորձ չունի, պետական կառավարման համակարգից հեռու է, տնտեսական պրոցեսներից հեռու է, գլխավորում է երկրի հիմնական տնտեսական կառույցը։

Այս վիճակից դուրս գալու համար, Հայաստանին ոչ թե յուրայիների ու մերձավորների, այլ տեխնոկրատների կառավարություն է պետք։ Մարդիկ, ովքեր բարձր կարգի, փորձառու մասնագետներ են ու իրենց գործի պրոֆեսիոնալները։ Այլ տարբերակ չկա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս