Իրանի տեղեկատվական դաշտում մի քանի վարկած կա. մեկը Իսրայելի վարկածն է, եթե ապացուցվի, Իսրայելին ավելի հզոր հարված են տալու. Կարեն Իգիթյան
Մայիսի 19-ին իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իրանի նախագահին սպասարկող ուղղաթիռը «կոշտ վայէջք» է կատարել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, այնուհետև կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել է։
Իրանի նախագահ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրանց ուղեկցող պաշտոնյաներ վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված հէկ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։
Այսօր առավոտյան իրանական ԶԼՄ-ները հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարին, հայտնեցին, որ «Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են»։
Ըստ @ir_sputnik-ի՝ զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և ևս 5 մարդ (ներառյալ՝ անձնակազմը)։
Իրանի նախագահի, արտգործնախարարի զոհվելու վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, դրանցից մեկը կապվում է Իսրայելի հետ։
Տարածաշրջանում և Իրանի ներսում ինչպես կարող է փոխվել իրավիճակը՝ Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների զոհվելուց հետո։
168.am-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը խոսելով այս հարցերի շուրջ, նկատեց.
«Այս ամենի վերաբերյալ տեղեկատվական դաշտում, կոնկրետ Իրանում մի քանի վարկած կա։ Մեկը հենց Իսրայելի մասին է, ակտիվ քննարկվում է Իսրայելի մասնակցության վարկածը։ Եվ եթե, ի վերջո, Իրանում գան այն եզրակացության, որ այս ամենն Իսրայելն է արել, պետք է դրա համար պատասխան տան Իսրայելին ու շատ ավելի հզոր, քան նախկինում է եղել, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է երկրի նախագահին։
Ինչ վերաբերում է հնարավոր փոփոխություններին տարածաշրջանում, իհարկե, կան սպասելիքներ՝ հաշվի առնելով, որ այս ամենը տեղի ունեցավ Ալիևի հետ հանդիպումից հետո, և եթե իրականում Իսրայելի գործոնն այստեղ առկա է, ապա Իրանում շատ ավելի խիստ քաղաքականություն կվարեն Ադրբեջանի դեմ։ Բայց մյուս կողմից՝ պետք է նաև հասկանանք, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, չգիտենք՝ ո՞վ է, այդուհանդերձ Ադրբեջանի ղեկավարությունը գործում է գրագետ։ Նույնիսկ, եթե այս ամենի հետ կապ ունեն, միանգամից կապ կհաստատեն Իրանի հետ ու ամեն ջանք կդնեն, որպեսզի ապացուցեն, թե որևէ կապ չունեն, կսկսեն օգնել, որպեսզի հարվածի տակից դուրս գան»,- շեշտեց Կարեն Իգիթյանը։
Նրա խոսքով՝ այս պահին դժվար է ասել, թե Իրանում իրավիճակը կարող է ապակայունացվել, քանի որ Իրանի ղեկավարը գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է, ով իր տեղում է։ Նաև արդեն հայտարարություն է տարածվել, թե ամեն ինչ կայուն է լինելու։
«Բնականաբար, հիմա նոր մարդիկ պետք է նշանակվեն, բայց այն կառույցները, որոնք դրանով զբաղվում են, կայուն են, աշխատում են։ Պետք է, որ ապակայունացման մեկ դեպք չլինի, թեպետ Արևմուտքը նման փորձեր կանի»,- շեշտեց Կարեն Իգիթյանը։