Իմ լուսանկարները քաղաքում նման գրառումներով տարածելն առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող քայլ է. Անահիտ Մանասյան
Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մարդիկ ամբողջ քաղաքում փակցրել են իր լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ փնտրում են ՀՀ ՄԻՊ-ին, ինչպե՞ս կմեկնաբանի այս երևույթը։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց, հավանաբար, իր համար սպասված հարցի համար, քանի որ դա իրեն հնարավորություն կտա հրապարակավ իրավական տեսանկյունից անդրադառնալ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող քայլին։
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ վիրավորանքը։ Սա առանձին հանցակազմ է։ Հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ոչ միայն սա, այլև այս ամենի կազմակերպվածությունը, համակարգվածությունը և շարունակականությունը, որն այս մի տարվա ընթացքում է դրսևորվել։ Չեմ խոսում այդ մեկ դեպքի մասին, ընդհանուր կազմակերպվածության, թե՛ տարբեր դերակատարների, թե՛ նաև այդ ամենի շրջանակներում ընդգրկված բոլոր հնարավոր դերակատարների տեսանկյունից։ Եվ այդ ամենն առերևույթ հանցակազմի տարր պարունակող հատկանիշ է, որի վերաբերյալ ես որևէ հաղորդում որևէ իրավապահ մարմնի չեմ ներկայացրել»,- նշեց Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ-ը նաև ընդգծեց՝ գրառումներով լուսանկարները տարածելու վերաբերյալ չի կարող գնահատական տալ, ինքը չէ այդ իրավասու մարմինը։ Նաև տարբեր լրատվամիջոցներում դա տարածելու կոչերը. օրինակ՝ քաղաքացիներ, կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքներին և այլն, սա ևս կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ։
Լրագրողի հարցին՝ իսկ ՄԻՊ-ին չի՞ մտահոգում՝ ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք, որպես ՄԻՊ՝ հասանելի է մարդկանց, Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ բնականաբար հասանելի է։
«Բնականաբար, կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք շատ գոհ են մեր աշխատանքից, և մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք շնորհակալական նամակներ»,- հավելեց նա։
Հաջորդ հարցին՝ չի՞ կարծում, որ երբ ՔՊ-ն է ՄԻՊ-ի գործունեությունը գովերգում, նշանակում է, որ ՀՀ ՄԻՊ-ը վատն է, որովհետև ՄԻՊ-ը հասարակությանը պետք է պաշտպանի իշխանությունից, ինչը չի արվում, դրա համար են քաղաքացիներն իր լուսանկարները փակցրել փողոցներում, Անահիտ Մանասյանը պատասխանեց.
«Քանի որ այստեղ հնչող ցանկացած հարց իր մեջ իրավունքների արժեքներին հակասող որոշակի գաղափարներ է պարունակում, ուստի նման հարցերի չեմ պատասխանում։ Խնդրում եմ՝ ինձ ուղղել իմ մանդատին վերաբերելի հարցեր»։