ՀՀ քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են

ՀՀ քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. մարդկանց մեղադրանք են առաջադրել Ծիծեռնակաբերդում ատելություն տարածելու համար, բայց շատերը չեն էլ եղել դեպքի վայրում:

Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակի մոտ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և դստեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչ խոսք, տհաճ էր ու անընդունելի` անկախ իմ ունեցած վերաբերմունքից գործող իշխանության նկատմամբ: Բայց դրան հետեւած քաղաքական վրեժխնդրության դրսեւորումը երկրի իշխանության կողմից կրկնակի անընդունելի է. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են:

Այսօր Ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի նաեւ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 72 ժամով ձերբակալվածներին: 8 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր այդ օրը ընդհանրապես Ծիծեռնակաբերդում չեն եղել:

Թե ինչպես է Վարույթն իրականացնող մարդկանց մոտ անմիջականորեն հիմնավոր կասկած առաջացել, որի հիմքով 8 անձ ձերբակալվել է, անհասկանալի է: Ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել 7 անձի ձերբակալության մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային:

📌Ներկայացնեմ բոլորի հետ ունեցած իմ զրույցների հակիրճ նկարագրությունը։

✔️ Քաղաքացի Սեդա Գրիգորյանը, ով ասաց՝ ԱԺԲ-ի աջակից է եւ բերման էր ենթարկվել Թումանյան փողոցից, այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել եւ ուներ այդ մասին անհերքելի ապացույցներ: Նա իր նկատմամբ մեղադրանքը համարում էր շինծու:

✔️Տիգրան Չալաբյանը, ում եւս նույն հոդվածն են առաջադրել, եղել է հուշահամալիրի տարածքում, ասաց, որ վանկարկել է, ինչպես մյուսները, սակայն անօրինական ոչինչ չի արել: «Ես ոստիկաններին էլ ասացի, որ քաղաքական պատվեր եք կատարում: ԱԺԲ-ի բոլոր տղաներին էլ պետք է ազատ արձակեք, ի՞նչ իրավապահ գործունեության իմիտացիա եք անում»,- ասաց Տիգրան Չալաբյանը` խնդրելով հանրայնացնել իր այս խոսքերը:

✔️Տիգրան Դեմոյանը, ով այդ օրը եղել է ԱԺԲ-ի շապիկով, ակնհայտորեն թիրախավորվել է արդեն երեկոյան երթի ժամանակ: 62-ամյա քաղաքացուն կարմիր բերետներով ոստիկանները տապալել են գետնին, բռնություն գործադրելով, հայհոյանքներով տարել են ոստիկանություն: Նրա նկատմամբ էլ նույն մեղադրանքն է առաջադրված:

✔️Խաչատուր Ախսախալյանը ամենաերիտասարդն էր, ում եւս ձերբակալել են ատելության խոսք, խտրականություն հրահրելու կասկածանքով: Նրա խոսքերով, ինքը եղել է Ծիծեռնակաբերդում եւ, տեսնելով մարդկանց ցասումը, ինքն էլ է մասնակցել վանկարկումներին: Ուրիշ որեւէ հակաիրավական քայլ չի կատարել: Փոխարենը իրեն Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկից բիրտ ուժ կիրառելով են բերման ենթարկել, հայհոյանքներով և վիրավորանքներով: Ավելին` մի ոստիկան էլ հետեւից է հարվածել իրեն:

✔️Վահագն Կարապետյանը եւս նույն հոդվածով է ձերբակալվել, բայց միջադեպի ժամանակ հուշահամալիրի նշված հատվածում չի եղել: Նա ԱԺԲ-ի իր շատ ընկերների հետ արդեն ծաղիկները դրել, վերև էր բարձրացել: Բայց չի խանգարել, որ Թումանյան փողոցից բերման ենթարկեն եւ թշնամանքի հոդվածով մեղադրանք առաջադրեն:

✔️Արտավազդ Հակոբյանն ընդհանրապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել այդ օրը: Բայց նրան էլ Թումանյան փողոցում կարմիր բերետավորները տապալել են գետնին, հարվածելով նստեցրել ավտոմեքենան: Քաղաքացու ձեռքը բռնությունների հետեւանքով արմունկից վերևի հատվածը ցավում էր:

✔️Լաուրա Պապիկյանը եղել է Ծիծեռնակաբերդում, ասաց, որ արտահայտել է իր ցասումը, երբ տեսել է Աննա Հակոբյանին, քանի որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի միակողմանի՝ հողերը հանձնելու քաղաքականությունը, նոր էր վերադարձել Տավուշից: «Ախր ո՞նց տաս քո հողը, քո երեխային թշնամուն: Ես ասացի, որ մեր հողերը մի հանձնեք, Աննա Հակոբյանը հրահանգեց` տարեք էստեից»,- պատմեց տիկին Լաուրան` ներկայացնելով, որ իրեն բերման են ենթարկել երեկոյան երթի ժամանակ, Թումանյան փողոցից՝ ակնհայտ բռնություն գործադրելով: Երբ արդեն ոստիկանությունում է եղել, իր իրավունքները չեն բացատրել, փաստաբանի հետ խոսելու հնարավորություն չեն տվել: Ինքս նկատեցի, որ Լաուրա Պապիկյանի վերնաշապիկը պատռված էր, ինքն էլ չէր տեսել: Ասաց, որ ձեռքերն են ցավում բռնությունների հետեւանքով եւ կոտրվել է իր հեռախոսը:

✔️Քաղաքացի Հայկ Հովհաննիսյանի դեպքը ամենազավեշտալին էր: Նա այդ օրը Երեւան է եկել Հովտաշատ գյուղից, որ գնա Թումանյան 39 հասցեում գտնվող հարազատ քրոջ տուն: Տեսնելով իրարանցում՝ կանգնել, նայել է: Ոստիկանները պահանջել են, թե ով ԱԺԲ-ից չէ, բարձրացեք մայթ: Հայկը բարձրացել, մայթին կանգնել է: Ու երբ տեսել է մի ծեր պապիկի քաշքշում են, ընկել է գետնին, մոտեցել է, որ օգնի: Այդ ժամանակ իրեն էլ մյուսների հետ, բռնությունով տարել են ոստիկանական մեքենան ու ձերբակալել Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելու գործողություններ կատարելու համար: Մինչդեռ Հայկ Հովհաննիսյանը ընդհանրապես չի եղել Ծիծեռնակաբերդում այդ օրը: Ավելին, նա , ըստ իր նկարագրածի, 2018-ի հեղափոխության օրերին եղել է բեմի պատասխանատուներից մեկը, շատ լավ ճանաչում էր ՔՊ վերնախավին` շատերին համարելով իր ընկերը կամ նախկին ընկերը:

‼️Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները առաջադրել են մեղադրանքներ մարդկանց, որոնցից շատերը անգամ դեպքի վայրում չեն եղել: Բայց նրանք զրկվել են ազատությունից, եւ խախտվել է մարդկանց ամենատարբեր իրավունքներ:

🔴 Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ԱԺԲ-ի ներկայացուցիչների այս վարքագիծը կհամարեր ոչ թե թշնամանքի, ատելության քարոզ, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔ: Իսկ այսօր իրավիճակ է փոխվել…

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս