ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
ԱՄՆ-ի զինվորականներն ապրիլի 24-ին Ադենի ծոցի շրջանում խոցել են Եմենի հութիների կողմից արձակված հականավային բալիստիկ հրթիռը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Նշվում է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել էր ամերիկյան դրոշի ներքո ընթացող Yorktown բեռնարկղանավը, որում գտնվում էին ԱՄՆ-ի 18 և Հունաստանի չորս քաղաքացի։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի ուշ չորս անօդաչու թռչող սարք է խոցվել «Եմենի այն շրջաններում, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ»:
«Պարզվել է, որ ԱԹՍ-ներն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար: Այդ գործողությունները ձեռնարկվում են՝ պաշտպանելու ազատ նավագնացությունը և ուժեղացնելու միջազգային ջրերի անվտանգությունն ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար», – ընդգծել է հրամանատարությունը:
Իր հերթին, հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ «մի քանի հականավային հրթիռներ են արձակվել Yorktown բեռնարկղանավի վրա, արձանագրվել են ուղիղ հարվածներ թիրախին»։
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Սարիան նաև հայտնել է երկու գործողության մասին՝ անօդաչուների օգտագործմամբ: Առաջին թիրախը եղել է Ադենի ծոցում ԱՄՆ-ի ռազմանավը, իսկ երկրորդը՝ իսրայելական նավը` Խաղաղ օվկիանոսում։ Նրա խոսքով՝ անօդաչուները «հասել են իրենց թիրախներին»։