Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները։

Նշվում է, որ ի տարբերություն արևմտականների, Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան շարունակելու է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասված է նիստի ավարտին տարածված հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է նաև, թե դիտարկվել են «տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման հարցերը՝ ի շահ նրա առջև ծառացած խնդիրների լուծման»՝ առանց արտաքին միջամտության։ «Այս համատեքստում ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ներուժի օգտագործման առանձնահատուկ նշանակությունը։ Այս ուղղությամբ նախանշվել են գործնական քայլեր»,- ասված էր հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս