Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան

Հայրենիքին առնչվող ցանկացած թեմայի պետք է զգույշ վերաբերվել, և կապ չունի՝ այդ պահին ՀՀ-ում քաղաքական սահմաններն ինչպիսին են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ Միքայել Մալխասյանը:

«Ինչպես Երևանն է հայրենիքի մաս, այնպես էլ Վանն է հայրենիքի մաս, Շուշին, Կարինը, Կարսը և այդպես շարունակ: Հայրենիքի ընկալման այդ տարանջատումն անթույլատրելի է: Այս պահին քաղաքական սահմանների առումով Վանը և Կարսը գտնվում են թուրքական հանրապետության կազմում, բայց դրանով չեն դադարում հայրենիքի մասը լինել: Հերթական պառակտող գործոններից է այս թեզը, ինչպես 100 տարի առաջ հասարակությանը մոլորեցնելու համար ասում էին՝ արևմտահայ, էրգրից եկած»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը՝ Մալխասյանը նշեց, որ եթե իշխանությունը դաշտ է նետում թեզեր, որոնք վտանգավոր են, պետք է զգուշանալ, բայց մյուս կողմից պետք է շատ չխոսել այդ մասին, քանի որ այդպիսով սպասարկվում է իշխանության օրակարգը:

«Սա թուրքական իշխանությունների օրակարգն է, որն այսօր նետվում է մեր դաշտ քննարկման: Եթե մեզ մոտ այդ թեզերը քննարկում են, ապա դա այն է, ինչ ուզում է թուրքական իշխանությունը: Մենք պետք է արդեն պատմական հիշողությանը հավատարիմ մնանք: Այն ամենը, ինչ մենք ունենք հիմա, Ցեղասպանության ուղիղ հետևանք է՝ փոքր տարածք, փոքր բնակչություն, ռեսուրսների սակավություն: Այս պայմաններում ներելու մասին խոսելը ցնորամտություն է: Եկեղեցին նման իրավիճակում չի կարող համակերպվել: Մենք շատ հստակ տեսնում ենք, որ Մայր Աթոռը կոնկրետ դիրքորոշում է հայտնել, պատահական չէ, որ Հայ Առաքելական եկեղեցուն և նրա հայրապետին ռևանշիստ է անվանում Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդը և, ցավոք, Հայաստանի որոշ պետական այրեր նույնպես օգտագործում են այդ ձևակերպումները՝ կրկնելով Ադրբեջանի թեզերը »,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս