ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ կրկին փորձում են հասնել Ալիևի վարչակազմի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանման։

Առաջարկը օրենքի նախագծի տեսքով պատրաստ է, այն քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին, փաստաթղթում շուրջ չորս տասնյակ ադրբեջանցի պաշտոնյայի անուն է ներառված, որոնք պատասխանատու են ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի քաղաքականության, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների դեմ իրավախախտումների համար, այս մասին «Ազատությանը» պատմել է երկկուսակցական օրենսդրական առաջարկի մանրամասներին ծանոթ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Ադրբեջանցի 40 տարբեր պաշտոնյաների անուններ են ներկայացված փաստաթղթում։ Բանաձևը շեշտում է, որ ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը 180 օր ունի ուսումնասիրելու՝ արդյո՞ք այդ անձինք խախտել են Մագնիտսկու օրենքը և ԱՄՆ -ի արտաքին օժանդակության բանաձևի հետ կապված այլ օրենքներ։ Այս բանաձևն առաջին քայլն է», – հայտարարել է Չուլջյանը՝ խոստովանելով, որ տևական ժամանակ է, ինչ թե ամերիկահայ կազմակերպությունները, այնպես էլ ամերիկացի քաղաքական գործիչներ Բայդենի վարչակազմից ապարդյուն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ։

Բանաձևի հեղինակը նախագահ Բայդենի կուսակից կոնգրեսական Դինա Թայթուսն է, ով իր այդ նախաձեռնության մասին անցած շաբաթավերջին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը:

«{Օրենքը (ընդունվելու դեպքում)} տարատեսակ պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք ղեկավարել կամ իրականացրել են էթնիկ զտումն Արցախում։ Եկել է ժամանակը ստիպելու նրանց վճարել, պատասխանատվություն կրել նման գործողությունների համար», – հայտարարում է կոնգրեսական Թայթուսը։

Տեսանյութեր

Լրահոս