Բաժիններ՝

Նեթանյահուն խոստացել է պայքարել Իսրայելի բանակի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պայքարել երկրի բանակի նկատմամբ ցանկացած պատժամիջոցի դեմ։ Նեթանյահուի հայտարարությունից առաջ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն ծրագրում է դադարեցնել օգնությունը Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ստորաբաժանումներից մեկին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի թիրախում կլինի Իսրայելի «Նեթզահ Յեհուդա» գումարտակը Հորդանան գետի արևմտյան ափին մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ իրենք կարող են ԻՊԲ-ի որևէ ստորաբաժանման նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, ես դրա դեմ կպայքարեմ իմ ամբողջ ուժով», – ասել է Նեթանյահուն։

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցն ապրիլի 21-ի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում խնդրել է նրան վերանայել այս հարցը։ Սակայն հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ պատժամիջոցների մասին որևէ հիշատակում չկա։

Իսրայելի հիմնական դաշնակից ԱՄՆ-ն նախկինում երբեք ԻՊԲ-ի ստորաբաժանումներից որևէ մեկին տրամադրվող օգնությունը չի կասեցրել։ ԻՊԲ-ն հայտարարել է, որ «Նեթզահ Յեհուդա»-ն ակտիվ մարտական ստորաբաժանում է, որը գործում է՝ համաձայն միջազգային օրենքի սկզբունքների։ Պատժամիջոցներն, ըստ Axios-ի աղբյուրների, թույլ չեն տա, որ գումարտակը և դրա անդամները ստանան Վաշինգտոնի ռազմական աջակցությունը կամ վերապատրաստում անցնեն ԱՄՆ-ի կողմից։

Մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները, որի մասին գրել էր Axios-ը, վերաբերում են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը նախորդող միջադեպերին և տեղի են ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս