Փաշինյանն օրհնում է այն սհաթը, երբ ադբեջանցիների ոտքը կմտնի Հայոց աշխարհը
Տավուշի մարզ կատարած վերջին այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, բայց շատ ավելի պատկերավոր կերպով, քան նախկինում, բացահայտեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր գերակայություններն ու առաջնահերթությունները, այն, ինչ նա ակնկալում է ստանալ դրանից։
«Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք: Կարո՞ղ ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։
Այս երկու նախադասության մեջ շատ խտացված կերպով արտահայտվում է Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության աշխարհայացքային, հայեցակարգային մոտեցումն ազգային, պետական շահերին, դրանց պաշտպանության գործընթացում նրա ղեկավարած պետության առաջնահերթություններին։ Եվ դա փողն է։
Ադրբեջանի հետ առևտուր անելու, անցակետ դնելու միջոցով ավտոմեքենաներից գումար գանձելու նպատակն է այն հավաքական իղձը, երազանքը, որ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է Հայաստանի համար կենսական, գոյաբանական այս գործընթացում։ Խնդիրն ամենևին այն չէ, որ հարևան պետության հետ առևտուրը, տնտեսական հարաբերությունները բացասական երևույթներ են, ամենևին, դրանց պետք է ձգտի ցանկացած երկիր։
Բայց դրանք՝ առևտուրը, տրանսպորտից տրանզիտային գանձումները և այլն, հատկապես հակամարտող երկրների միջև հարաբերությունների հաստատման ածանցյալ հետևանքներն են, բայց ոչ երբեք՝ գերակայությունը կամ առաջնահերթությունը, որի հիման վրա թույլատրելի է քաղաքականություն վարել։
Խնդիրն այն է, որ դիմացի կողմը՝ Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իրականում թքած ունի մանր առևտրի, փոքր տնտեսական շահի վրա․ այդ գործընթացում Ադրբեջանը/Թուրքիան հետապնդում է շատ խոշոր, գլոբալ քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ, որոնց իրագործումն այդ երկրների համար իդեալական կարող է համարվել Հայաստանի չգոյության կամ որպես ազգային պետություն՝ չգոյության, և ընդամենը՝ որպես առևտրային կետ, գոյության միջոցով։
Նիկոլ Փաշինյանի ասածը տավուշցիներին հենց դա է՝ «մեր հարևանները գլոբալ նպատակներ են հետապնդում, բայց մենք ո՞վ ենք, մերը առևտուրն է, երանի տանք, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, ու գոհանանք մանր առևտրից մեր փայով»։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ տարածաշրջանը կարող է պայթել։
Այլ կերպ ասած՝ նա ժողովրդին հասկացնում է, որ եթե չկատարենք ադրբեջանաթուրքական պահանջները ու չփառաբանենք նրանց հետ առևտրի հեռանկարը, նրանք տարածաշրջանը կպայթեցնեն։
Խնդիրը, կրկին, այն չէ, որ Ադրբեջանի հետ առևտուր անել պետք չէ, ճիշտ հակառակը՝ քաղաքական խնդիրների կարգավորումից հետո, այդ թվում՝ երկու ժողովուրդների միջև առևտուրը կարող է նպաստել տևական խաղաղության հաստատմանը։
Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է հակառակ ճանապարհով։ Նա ըստ էության ասում է՝ «քանի որ քաղաքականապես խաղաղություն չեմ կարող երաշխավորել, եկեք կատարենք Ադրբեջանի բոլոր պահանջները, դուք առևտուր արեք, և հնարավոր է՝ դա բերի խաղաղության/քաղաքական խնդիրների լուծման»։
Խնդիրը տվյալ դեպքում միայն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը պարտված կողմ է, ստիպված է գնալ զիջումների, և այլն։
Մեծ հավանականությամբ, նա նույնը կաներ նաև հակառակ պարագայում՝ հզոր լինելու դեպքում։ Խորքային առումով այս հարցում բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքային, արժեբանական մոտեցումը, որը, եթե ձևակերպենք հակիրճ ու քաղաքավարի՝ հանգում է ամեն ինչի հիմքում նյութականը տեսնելու մոտեցմանը։
Նրա համար գլխավոր արժեքը փողն է, որը ոչ հոտ ունի, ոչ ազգային պատկանելություն։ Եվ նա հետևողականորեն վարում է ազգային, պետական շահերի մոնետիզացման քաղաքականություն՝ այդ ճանապարհին հեշտորեն ոտնահարելով այն ամենը, ինչը նյութական չափման չի ենթարկվում՝ արժանապատվություն, հիշողություն, անցյալ, պատմություն, արդարություն, և այդպես շարունակ։
Նիկոլ Փաշինյանի իշխանավարման վեց տարիներին Ադրբեջանը բռնազավթել է Արցախը, մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածքներում և հիմա ցանկանում է ընդհուպ 50 մետրի վրա գտնվել հայկական սահմաններից։ Դա նրա համար ոչ թե սպառնալիք է, այլ առևտուր անելու հնարավորություն։ Իրականում Նիկոլ Փաշինյանը ներքուստ օրհնում է այն սհաթը, երբ ադրբեջանական առևտրականի ոտքը կմտնի Հայաստան։
Օրհնում է ոչ թե դավաճանաբար, այլ՝ որպես փողը և փողի ավելացումը ֆետիշացրած մեկը, որը գուցե հենց ադրբեջանցի մանրավաճառներին գայթակղելու նպատակով է վերջերս կրում նրանց այդքան սիրելի գլխարկը։
Հարություն Ավետիսյան