37-ամյա Անի Ք.-ն, տղային իր փոխանցելիս՝ ընկել է հորը
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Մաշտոցի պողոտա թիվ 60 հասցեում քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից և ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարներն ու բժիշկները հորից դուրս են բերել Երևանի բնակիչ 37-ամյա Անի Ք.-ին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կանգնել է այդ թաքնված հորի վրա, որը իբրև թե փակած է եղել, ու փորձել է շենքում գտնվող իր տղային իր փոխանցել, այդ ժամանակ էլ ընկել ու հայտնվել է հորում։