Բաժիններ՝

Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկրի քաղաքացիներին հանձնարարել է դուրս չգալ այն քաղաքների սահմաններից, որտեղ գտնվում են ամերիկյան դիվանագիտական ​​և հյուպատոսական հաստատություններ: Այս մասին նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

«Անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի տարածքում Իսրայելի պատասխան հարվածների մասին հաղորդագրություններ ստանալուց հետո ամերիկյան պետական կառույցների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պետք է սահմանափակեն անձնական պատճառներով Թել Ավիվի ագլոմերացիայի տարածքից, ինչպես նաև Երուսաղեմից ու Բեեր Շևայից դուրս գալը, մինչև հետագա ծանուցում չլինի», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Իսրայելում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը մնում է բարդ և կարող է արագ փոխվել «քաղաքական իրավիճակի ու վերջին իրադարձությունների պատճառով»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանում պայթյուններ են լսվել, որոնք, ըստ ԱՄՆ աղբյուրների, եղել են Իսրայելի պատասխան հարվածները ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված ԱԹՍ-ների և հրթիռների հարձակման։ Ըստ իրանական աղբյուրների՝ Սպահան և Թավրիզ նահանգներում պայթյուններից հետո իրավիճակը կայուն է, միջուկային օբյեկտները չեն վնասվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս