Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը, որն իբր համաձայնեցվել է Բրյուսելում, կեղծ է։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ինչ–որ թղթեր էին հրապարակել` պնդելով, որ դրանք Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնց համաձայն` ԱՄՆ-ն իբր Հայաստանին աջակցում է ռազմավարական պաշտպանության և նոր ռազմավարական հայեցակարգի մշակման հարցում, իսկ ԵՄ-ն և Հայաստանը իբր պայմանավորվել են զգալիորեն կրճատել, ապա նաև առհասարակ վերացնել ռուսական սպառազինությունից և ռազմական ուսուցումից Հայաստանի զինված ուժերի կախվածությունը։
«Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել»,– ֆեյսբուքյան էջում գրել է Անի Բադալյանը։
Նա հիշեցրել է, որ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:
Բադալյանը վստահեցրել է, որ Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: