«Եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ զբաղված Է արցախահայերի խնդիրներով, նույն տրամաբանությամբ այդ հայտարարությունը կարող են անել Շվեյցարիան, Ռուսաստանը, անգամ՝ Մոլդովան». Ռոման Երիցյան
ՀՀ իշխանությունները կրկին թիրախավորել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ըստ իշխանությունների՝ Հայաստանում ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներն են։
Օրինակ, ըստ իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի, ժողովրդավարության դանդաղեցում է նկատվում, քանի որ Հայաստանի ողջ պետական ինստիտուտը ստիպված է կենտրոնանալ արցախահայերի տարբեր խնդիրների լուծման և ոչ թե՝ ժողովրդավարության ինստիտուտները շարունակաբար կայացնելու վրա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը խոսելով իշխանությունների այս «արդարացումների» և խնդիրները կրկին արցախահայերի վրա բարդելու իշխանությունների գործելաոճի մասին, նկատեց՝ արցախահայերի որևէ խնդիր լուծված չէ։
«Այս պահին իմ գրասենյակում կա չորս արցախցի, չորսն էլ՝ տարբեր խնդիրներով, ավելին՝ նրանց խնդիրները ՀՀ իշխանությունը ոչ միայն չի լուծել, այլև լուծելու մտադրություն էլ չունի։
Օրինակ, Արցախում հանրային տարբեր պաշտոններ զբաղեցրած քննիչների, դատախազների, դատավորների և այլոց թոշակների հարցի լուծմամբ իշխանությունն ինչպե՞ս է զբաղվում։ Արցախում կար մոտ 15 հազար քննիչ, դատավոր, դատախազ, հարկային ծառայողներ, մարդիկ 15-20 տարվա աշխատանքային ստաժ ունեն, բայց մարդիկ եկել են Հայաստան, իրենց նույն պաշտոնը չեն կարողանում զբաղեցնել, որովհետև չունեն ՀՀ քաղաքացիություն, անգամ, եթե ստանան քաղաքացիություն ու շարունակեն իրենց գործունեությունը, իրենց ստաժը չի հաշվարկվելու։ Լավ, ուժային կառույցների ծառայողների թոշակների հարցը լուծել է, բայց քննիչների, դատավորների, դատախազների թոշակների հարցերով ինչպե՞ս է զբաղվում։
Կամ հարցերի լուծման ընթացակարգ են համարում այն, որ Կենտրոնական բանկն Արցախում գրանցված ՍՊԸ, ՓԲԸ և այլ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի հաշիվները առանց որևէ պատճառաբանության սառեցրել է, սա՞ է հարցի լուծումը։ Չեմ կարող վկայակոչել մի բան, որը կարող է ցույց տալ, որ արցախցիների խնդիրների լուծմամբ իշխանությունը զբաղվում է»,- նշեց Ռոման Երիցյանը։
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ իրենց՝ փաստաբաններին դիմող անձանց 80 տոկոսն արցախահայեր են, որոնք բարձրացնում են ոչ թե միմյանց հետ կապված վեճեր, այլ խնդիրներ, որոնց լուծումները հնարավոր չէ գտնել անգամ իրավական հարթակում։ Օրինակ, արցախցի դատապարտվածներ կան, որոնք գտնվում են ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, որոնք պայմանական վաղաժամկետ դուրս գալու հնարավորություն ունեն օրենքի ուժով, բայց քանի որ չկա Արցախի դատարան, Հայաստանի դատարաններն էլ այդ հարցը չեն քննում։ Հարց է առաջանում՝ այդ մարդիկ որտե՞ղ պետք է դիմեն, երբ ՀՀ դատարաններն իրենց հարցը չեն քննում։ Կամ արցախահայերից շատերը երեխաների համար ավանդներ են ներդրել Արցախում, անհասկանալի է, թե այդ գումարներն ինչ ճակատագրի են արժանանալու։ Կան նմանօրինակ բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են չլուծված մնալ։
«Եթե ՀՀ կառավարությունը վկայակոչի գեթ մեկ լուծում, ասի՝ տեսեք, այս խնդրին այսպիսի լուծում ենք տվել, կասեմ՝ հա։
Ինչ վերաբերում է իրենց այդ «40+10» գումարներին, եթե դա են համարում խնդրի լուծում, ապա այդ գումարն արցախահայերն օգտագործում են տրանսպորտային միջոցների վրա, գնում են, որ դառնան այդ «40+10» ծրագրի շրջանառու։ Այսինքն՝ այդ գումարը ծախսում են մի շարք խնդիրներ լուծելու վրա, որպեսզի դառնան ծրագրի շահառու։ Չգիտեմ, «40+10» ծրագիրը համարում են արցախահայերի խնդիրների արժանապատիվ լուծո՞ւմ։ Հիմա այլ պետություններ ավելի լավ առաջարկներ են անում արցախահայերին, քան ՀՀ իշխանությունը։ Իզուր չէ այն արտագաղթը, որն այսօր սկսված է Հայաստանից, ու արտագաղթողների մեծ մասն արցախահայեր են»,- հավելեց փաստաբանը։
Ռոման Երիցյանը նաև նկատեց, երբ նախատեսում էին արցախահայերին տրամադրել 3 միլիոն դրամ, դա՞ էին համարում նրանց խնդիրների լուծում:
«Գալիս են, արցախցի զինծառայողներից մեքենաներն առգրավում են, այսպես ասած՝ նույնիսկ ծեծելով, դրա մասին մի քանի անգամ գրառում եմ կատարել՝ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից դրսևորվող վերաբերմունքի մասին արցախցիների նկատմամբ։ Գեներալից գալիս են իր ծառայողական մեքենան են վերցնում, որն իր հետ նա տեղափոխել է Հայաստան, որպեսզի չմնա ադրբեջանցիներին, նրանից վերցնում են ու փոխանցում ռազմական ոստիկանության ինչ-որ բաժնի պետին սպասարկելու համար, սա՞ է խնդրի լուծումը։ Արցախցի գեներալի, գեներալ-լեյտենանտի, գեներալ-մայորի կոչում ունեցող անձանց ՀՀ-ում առաջարկում են կապիտանի կամ մայորի պաշտոնին հավասարազոր պաշտոն։ Նախկին, մինչև 2018 թվականը գնդապետ և ավելի բարձր զինվորական կոչում ունենալու համար պետք է Արցախում ծառայեր՝ որպես առավել վտանգավոր գոտի։ Հիմա Արցախի զինվորականների նման փորձ ունեցող զինվորական ՀՀ-ում դժվար կգտնվի։ Արցախի ցանկացած զինվորական ունի մեծ փորձ, հմտություններ, հիմա այդ մարդկանց այստեղ գոնե իրենց պաշտոնին հավասարազոր պաշտոն չեն առաջարկում, սա՞ է խնդրի լուծումը»,- ընդգծեց փաստաբանը։
Ռոման Երիցյանի դիտարկմամբ՝ դժվար է գտնել մի արցախցի, որն օբյեկտիվ իրավիճակը գնահատելով՝ կարող է գոնե ասել, որ ՀՀ իշխանությունը զբաղված է իր խնդիրների լուծմամբ։ Սա դեմագոգիա չէ, այլ ամբողջ իրականությունը։
«2020 թվականին Հադրութի և օկուպացված այլ վայրերի՝ Արցախի Հանրապետությունն ավելի լավ միջոցառումներ ու ծրագրեր էր նախատեսում նույն տարհանված արցախահայերի համար, քան հիմա ՀՀ իշխանությունը։ Արցախահայերն այսօր այնքան խնդիրներ ունեն, որոնց մասին օրերով կարող եմ խոսել։ Ամեն դեպքում արձանագրեք՝ եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ՝ մենք զբաղված ենք արցախահայերի խնդիրներով, նույն տրամաբանությամբ այդ հայտարարությունը կարող է անել Շվեյցարիան, Ռուսաստանը, անգամ՝ Մոլդովան, որովհետև այն, ինչ իրենք տեսնում են՝ որպես խնդիրի լուծում, այդ նույնն անում են նաև այլ պետություններ»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։