Մի՞թե գյուղատնտեսության ոլորտում անկման «մեղավորը» վիճակագրությունն է
Օրերս Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին: Զեկույցի շատ մասեր այնքան «վարդագույն երանգով» են ներկայացված, որ ընթերցելիս կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ դրանք Հայաստանի վերաբերյալ չեն։
Իսկ այնպիսի ոլորտներում, որոնցում հնարավոր չէ թաքցնել ակնհայտ ձախողումը, փորձ է արվում կա՛մ այն «խնամքով» մեղմացնել, կա՛մ ձախողման հարցում մեղավորությունը կառավարությունից առավելագույնս հեռացնել։ Այդպիսի մասերից մեկը վերաբերում է գյուղատնտեսությանը, որի մասին զեկույցում (էջ 46) մասնավորապես նշված է. «2023 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 948 մլրդ ՀՀ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3%-ով):
Հիշեցնենք, որ 2023թ. պետական բյուջեով գյուղատնտեսության գծով ծրագրված էր 3.0% աճ։
Ուշագրավ է, որ, չնայած նվազմանը, զեկույցում հպարտորեն թվարկված են գյուղատնտեսության ոլորտում 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները։ Ստորև բերված է այդ աշխատանքների ոչ ամբողջական ցանկը.
- ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում հաստատվել է շուրջ 2,350 հեկտար այգեհիմնման հայտ,
- գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 719 միավոր գյուղատնտեսական տեխնիկա,
- ջերմատնային տնտեսությունների հիմնման նպատակով կնքվել են շուրջ 9 հեկտար ջերմատնային տնտեսության հիմնման պայմանագրեր,
- գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) ծրագրով կնքվել է շուրջ 15.5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 9,068 բերքի գնման պայմանագիր։
- աշնանացան ցորենի 2022 թվականի ծրագրի շրջանակներում 2023 թվականին տրամադրվել է շուրջ 4․6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի փոխհատուցում, ինչի արդյունքում, ըստ զեկույցի, ցանքատարածություններն ավելացել են շուրջ 15,000 հեկտարով,
- անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու նպատակով 6 կազմակերպության հետ կնքվել են պայմանագրեր՝ շուրջ 32 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ կատարելու նպատակով։
Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտի աջակցությանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացվում են արդեն մի քանի տարի շարունակ՝ բյուջեից ծախսվում են միլիարդավոր գումարներ ոլորտում աճի ակնկալիքով։ Մինչդեռ, գյուղատնտեսության ոլորտում տարիներ ի վեր անկում է արձանագրվում։
Գործող իշխանությունը, ինչպես միշտ, դրա համար համեմատաբար «անվնաս» պատճառաբանություն ունի։ Այս անգամ, պարզվում է, «մեղավորը» վիճակագրությունն է։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ որպես ԱԺ-ում կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին համազեկուցող, անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին և գրանցված ցուցանիշներին՝ նշեց.
«Անցած տարվա տվյալներով աճ ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ ունենք թեթև անկում, սակայն վստահ եմ, որ այս ցուցանիշը պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով»։
Ի դեպ, այս թեզի «հեղինակային իրավունքը» պատկանում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, որն այն շրջանառում էր դեռևս 2022թ. ամռանից։ Մասնավորապես, նա 2022թ օգոստոսի 2-ին, «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրական պատկերին։
Իսկ ավելի ուշ՝ նույն թվականի նոյեմբերի 7-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա ասել է. «Վիճակագրության կոմիտեի հետ մեր քննարկումների արդյունքներով մենք եկել ենք այն եզրահանգման, որ ստույգ հաշվարկների համար մենք պետք է ապահովենք «Գյուղատնտեսության մասին» օրենքի ընդունումը, ինչպես նաև սկսենք ամենուրեք հաշվառել ֆերմերային տնտեսությունները և հասնել այն բանին, որպեսզի դրանք ներկայացնեն տվյալներ իրենց շրջանառության մասին։ Իսկ հիմա մենք միայն գնահատականներ ունենք, այլ ոչ թե իրական վիճակագրություն»։
Մինչդեռ, գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ նախկինում բազմիցս գովերգում էին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և խոստանում անխուսափելի վերելք։ Մասնավորապես, նույն Վահան Քերոբյանը 2021թ. հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Այսօր ևս չնաշխարհիկ ծրագրեր ընդունեցինք գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներում, ծրագրեր, որոնք կոգեշնչեն մարդկանց նոր սխրանքների։ Ամեն Աստծո օր ես տեսնում եմ, թե ինչպես են իմ գործընկերները լավացնում մարդկանց կյանքն ու դարձնում Հայաստանն ավելի լավ տեղ ապրելու ու արարելու համար»։
Չնայած այս «անձնազոհ նվիրվածությանը», գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել, իսկ առավել անբարենպաստ է անասնաբուծության վիճակը, որը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 3.4%-ով։
Բնականաբար, գործող իշխանությունը չի կարող թույլ տալ, որ նման նվիրվածության ու հասցեական աջակցության միջոցառումների պարագայում ոլորտի անկումը կասկած առաջացնի առ այն, որ կա՛մ այդ միջոցառումները բավականաչափ արդյունավետ չեն, կա՛մ՝ դրանց ծավալները խեղաթյուրված են ներկայացվում:
Այս պարագայում ամենահարմար մեղավորն «անկատար» վիճակագրությունն է: