
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից օգոստոսի 3-ը Հայաստանում որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելուն։
X-ի իր միկրոբլոգում դեսպանը գրել է, որ Սինջարում եզդիների նահատակությունը կրկնությունն է 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայերի նահատակության՝ մեկ դար տարբերությամբ։
«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում»,- նշել է նա՝ հավելելով, որ հպարտ է այս պատմական օրը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ներկայացրել է Ֆրանսիան։
Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:
2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ: