Իսկ նախկինում այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները ներխուժում էին ՄԻՊ գրասենյակ, խուլիգան պահվածքով խափանում ասուլիսը, ու նրանց ոչինչ չէր լինում

Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության էին ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին տարվել AntiFake.am-ի 2 աշխատակիցներ: Նրանց նկատմամբ վարչական արձանագրություն էր կազմվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի (ՎԻՎՕ) 172.2 հոդվածով:

Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ նրանք վարչական ձերբակալության էին ենթարկվել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանի լուսանկարները՝ «Փնտրվում է ՄԻՊ» վերտառությամբ, կանգառներում, փողոցի սյուների ու շենքերի պատերի վրա փակցնելու համար:

Այսինքն՝ քաղաքում թուղթ փակցնելը, ըստ ոստիկանության, համարվում է վարչական իրավախախտում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու զանգվածաբար չեն ձերբակալվում նույն կանգառներում, սյուների ու պատերի վրա տարատեսակ հայտարարություններ փակցնողները (օրինակ՝ վարձով տրվող բնակարանների, կարատեի խմբակի պարապմունքների կամ էլլոս մազահեռացման մասին):

Կարդացեք նաև

Իսկ այն, որ այդ ցանկից պետք է բացառել օրինակ, Անահիտ Մանասյանի լուսանկարները փակցնելը, կարծես թե որևէ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով ամրագրված չէ:

2017թ., ապրիլի 21…

Նախկինների օրոք այդ օրը այդ ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանն ասուլիս էր տալիս Պաշտպանի գրասենյակում, ավելի ստույգ՝ 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ (ՊՊԾ գնդի գրավում, Սարի թաղի դեպքեր) արտահերթ զեկույցով էր հանդես գալիս: Զեկույցում, ի դեպ, խիստ քննադատության էր ենթարկվել ոստիկանությունը, և ՊՊԾ-ի դեպքերի համար բանտում հայտնված ժամանակի ընդդիմախոսներն էին խոստովանում, որ այդ զեկույցը դատարաններում իրենց իրավունքների պաշտպանության համար մեծ նշանակություն է ունեցել:

Երբ հենց այդ զեկույցին նվիրված ասուլիսի ժամանակ Պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնում էր զեկույցը, ասուլիսի սրահ մտան մի խումբ ակտիվիստներ ու սկսեցին նրա սեղանին փակցնել գրություններ՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան», ինչպես նաև լուսանկարներ նշված դեպքերի վերաբերյալ:

Պաշտպանի գրասենյակի վրայի ցուցանակին ևս փակցված էր նույն գրությունը

Ակտիվիստների մեծ մասը, բնականաբար, հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում: Օրինակ՝ նրանցից մեկը՝ Արմեն Կոտոլյանը, ով ջանասիրաբար նախկին պաշտոնյա, այժմ լրագրող Կարպիս Փաշոյանի հետ այդ լուսանկարներն ու գրությունները փակցնում էր այն սեղանին, որի մոտ նստած էր ՄԻՊ Արման Թաթոյանը, ներկայումս զբաղեցնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը:

Հիմա պատկերացնենք իրավիճակ, երբ ներկայումս ՄԻՊ գրասենյակ կամ որևէ այլ պետական գերատեսչություն կարող են ներխուժել ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստներ ու խափանել ասուլիս կամ մեկ այլ միջոցառում: Որևէ մեկը չի կասկածում, որ բոլոր գործող անձինք ժամեր անց արդեն կալանավորված կլինեն: Արդեն իշխանություն ստացած չինովնիկներն անողոքաբար մարդկանց պատժում են այնպիսի արարքների համար, որոնք իրենք նախկինում խուլիգան պահվածքով էին անում ու փաստորեն մնում անպատիժ: Իսկ ի՞նչ պատահեց 2017թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ, ՄԻՊ գրասենյակ ներխուժած երիտասարդների հետ… Ոչինչ… Ավելին, իշխանությունն ինքն է ջանասիրաբար պաշտպանում իր ՄԻՊ-ին, ով չգիտես՝ ինչպես է այսքանից հետո Ոստիկանությունից անաչառ պաշտպանելու ակցիա իրականացրած ու ձերբակալված անձանց իրավունքները, երբ հենց Ոստիկանությունն է ՄԻՊ-ին պաշտպանում քաղաքացիներից:

Իսկ հիմա, պարզվում է, ՄԻՊ լուսանկարն անգամ անձեռնմխելի է: Ռուսները տվյալ դեպքում մի լավ խոսք ունեն՝ «А что, так можно было ?»…

Տեսանյութեր

Լրահոս