
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակումից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը։
Ֆիդանը հիշեցրել է Բլինքենին, որ Գազայի պատերազմն իսրայելա-իրանական հակամարտության հիմքում է, և որ անհրաժեշտ է զինադադար, հակառակ դեպքում՝ ճգնաժամը կշարունակի սրվել։
Հաքան Ֆիդանն իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիան անհանգստացած է տարածաշրջանում ճգնաժամի էսկալացիայի և դրա հետագա տարածման հնարավորությամբ։ Նա նշել է, որ Գազայի ճգնաժամի հենց սկզբից Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կա տարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգ։
Ֆիդանը հիշեցրել է Բլինքենին, որ պետք է անհապաղ զինադադար հայտարարվի, և պետք է ապահովվի «հումանիտար օգնության անխափան առաքումը», այլապես ճգնաժամի մասշտաբները կշարունակեն աճել:
Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է, որ Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ճիշտ ազդակներ ուղարկեն՝ լարվածության աճը կանխելու համար։