Ո՛չ զրահապատ շտապօգնության մեքենաներով, ո՛չ զրահապատ հեծանիվներով անվտանգ չես լինի. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ առողջ բանականությունն ի վերջո կարող է հաղթել, այդ պատճառով էլ այսօրվա նիստից դրական ակնկալիքներ ունի։

«Հուսանք, առողջ բանականությունը կհաղթի, և այս ապօրինություններին վերջ կդրվի, գոնե ուշացումով, բայց վաղուց արդեն ժամանակն է ապօրինություններին վերջ տալու և դատարանները դուրս բերելու կեղտոտ քաղաքական խաղերից։ Այն կեղտոտ խաղերից, որը վարվում է  այս ապիկար իշխանությունների կողմից՝ շեղելու մարդկանց ուշադրությունը, կոտրելու դիմադրության պայքարը, ավերելու ազգային օրակարգերը, պախարակելու քաղաքական ու մարդկային բոլոր հարաբերությունները։

Մեր ընկեր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալներն այս գործընթացի վառ օրինակն են։ Հույս ունեմ, որ այս փուլում գոնե դատարանն ինքն իր մեջ ուժ կգտնի՝ վեր կանգնել քաղաքական կեղտոտ խաղերից»,- նշեց Արտակ Զաքարյանը։

Խոսելով Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատում իրականացնելու վերաբերյալ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից, որը պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով, Արտակ Զաքարյանը նկատեց՝ երևի Նիկոլ Փաշինյանն այս աշխարհում միակ մարդն է, որը հիշել է այդ հռչակագիրը։

Կարդացեք նաև

«Իր տգետ, անկարող հայացքներով և իր քաղաքական ձեռքերով կախվել է այդ վաղուց արդեն մոռացված փաստաթղթից և փորձում է ինքնարդարացման ճանապարհներ գտնել։ Ցանկացած կորուստ Հայաստանի հաշվին բացատրում է  Ալմա Աթայի հռչակագրով։ Ի՞նչ է գրված այնտեղ, ի՞նչն էր դրա իմաստը, երբ ստորագրվում էր 1991 թվականին, ե՞րբ  է Ադրբեջանը միացել հռչակագրին, ընդհանրապես Հայստանն ի՞նչ վերապահումներ ունի դրա վերաբերյալ, և այլն, և այլն։ Այս մարդը քաղաքական դաշտում ինքնիրավչությամբ է զբաղված, ընդդիմադիրներին այսպես անընդհատ դատարաններում է պահում, տեղեկատվական դաշտում տեռոր է անում, տեսնում ենք՝ լրագրողների հետ ինչպես է խոսում, իսկ իր թիմակիցներն ահ ու սարսափի մեջ են»,- շեշտեց քաղաքական գործիչը։

Նա հիշեցրեց նաև, որ երկար ժամանակ Վրաստանի հետ դեմարկացիա չէր իրականացվում հասկանալի պատճառներով, և այսօր այդ հարցը բացվել է, որպեսզի զուգահեռ այնպես գնա, որ ծածկի նաև Ադրբեջանի հետ տարվող ապօրինի գործընթացը։

«Սրանք բոլորը շատ կասկածելի գործընթացներ են, որոնք բերելու են Հայաստանի պետականության, ընդհանրապես գոյության մեծ հարցականների»,- հավելեց Արտակ Զաքարյանը։

Ինչ վերաբերում է հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հնչեցրած այն տեղեկատվությանը, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Հայաստանին տրամադրել շտապօգնության զրահապատ մեքենաներ, Արտակ Զաքարյանն ասաց.

«Ոչ զրահապատ մեքենաներով, ոչ զրահապատ հեծանիվներով հնարավոր չէ ապահովել անվտանգությունը։ Արևմուտքում անվտանգություն փնտրելը դասական քաղաքական տգիտություն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս