Նիկոլն անկեղծության պոռթկումով զիջումներ է խոստացել, բայց չգիտի՝ որքան պետք է զիջի. Արմեն Ռուստամյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, որտեղից պատրաստվում է թշնամուն տարածքներ տալ ու մարդկանց ահաբեկել էր պատերազմով։ Հետևաբար, եթե այսօր թշնամու կրակոցներն իշխանության ներկայացուցիչները որակում են՝ որպես «հիստերիկ կրակոց», ու դրա տակ վտանգ չեն տեսնում, թող քաղաքացիներին պատերազմով չսպառնան։
«Իրականում այդպես չէ, սա շատ լավ ծրագրավորված գործընթաց է, որը բազմիցս փորձարկվել է ու տվել է իր արդյունքները։ Այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ մենք այլ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք գոյատևել։ Իրենց ծրագիրը կտոր-կտոր հանձնելու և Ադրբեջանի պահանջները բավարարելու ընթացքով դրված է ամբողջությամբ գործողության մեջ։
Հստակ միջազգային ձևաչափով բանակցություններ տեղի չեն ունենում, տեղի են ունենում ինչ-որ բանավոր խոսակցություններ, դրանք զուգորդվում են սահմանային լարվածություններով, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ցանկալի արդյունքներ»,- նշեց Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների մասին։
Պատգամավորի խոսքով՝ թշնամու նպատակը ոչ թե Տավուշի չորս գյուղերն են, այլ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քանի որ երբեք կանգ չի առել որևէ պահանջի վրա։
«Ժամանակին, այսպես ասած՝ անկեղծության ինչ-որ պոռթկում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է դա հաստատել՝ասելով, որ պատրաստ են զիջել, բայց չգիտի՝ մինչև ինչքան զիջի, որ թշնամուն բավարարի։ Ես գիտեմ՝ մինչև ինչքան պետք է զիջեն, որ իրենց բավարարեն՝ մինչև հայկական ինքնության, հայկական գործոնի վերացումը և Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի», սա՛ է իրենց ուզածը։ Բնականաբար, այս ամբողջ ընթացքն իրականացվում է մեր շուրջ նման ահաբեկչական մթնոլորտ ստեղծելով, մենք էլ մյուս կողմից՝ ասում ենք՝ թույլ ենք, անկարող ենք, ամենաբարենպաստ մթնոլորտն ենք ստեղծում։ Չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ գնա լայնածավալ հարձակման, որ միանգամից խնդիրը լուծի»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորը նաև ընդգծեց՝ երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշի այդ տարածքներն Ադրբեջանինն են, արդեն հրավիրում է, որ ցանկացած եղանակով թշնամին կարող է մտնել այդ տարածքներ, այդ թվում՝ զորքով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում