«Այս ռեզերվացիան վերջինն է, սա արդեն հայրենիք չէ՝ ռեզերվացիա է. «տարածք տան, որ կռիվ չլինի» հոգեբանությունը կործանարար է». Պատմաբան

Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի, մասնավորապես՝ Քաշաթաղի ու Աղավնոյի հետ, նույնն այսօր կրկվում է Տավուշի հետ. ամեն ինչ նույն ձեռագրով է տեղի ունենում։

Պատմաբանի կարծիքով՝ այս զիջողականությանն ու երկիրը թուլացնելուն վերջ տալու համար անհրաժեշտ է ունենալ հայրենասեր կառավարություն, այլ բան պետք չէ։

«Սա պետական մասշտաբի գործ է, մինչև երբ ենք թուրքերի պետական կառույցների դեմ ֆիդայական կռիվ տալու, 300 տարի է՝ ֆիդայություն ենք անում։ Պետության դեմ պետք է դնել պետություն ու աշխատել։

Զարմանում եմ, ինչպես կարելի է պետական մակարդակով նման մտածողություն ունենալ՝ «տարածք տան, որ կռիվ չլինի», այս հոգեբանությունը կործանարար է։ Օրինակ, եթե բռնցքամարտիկը ռինգում պարտվել է, գնում պատրաստվում է հաջորդ մրցույթին, որ անպայման հաղթի, այլ ոչ թե ասում է՝ մի անգամ էլ հարվածիր, ու վերջ։ Նման բան չի կարող լինել, լուրջ պետական մտածողություն է պետք ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը՝ խոսելով Տավուշում ստեղծված իրավիճակի ու հայության անելիքների մասին։

Կարդացեք նաև

Պատմաբանի բնորոշմամբ՝ պետք է ունենալ իշխանություն, որն իր ուղնուծուծով հայամետ է, տեսնում է առաջիկա, թեկուզ հազարամյակում, Մեծ Հայքն ամբողջացրած, եթե հակառակն է տեսնում, ապա, մեղմ ասած, իշխանության ղեկին անելիքներ չունի։

«Ես թուրքին լավ եմ ճանաչում, նրան եթե մի բան ես զիջում, հաջորդ վայրկյանին մի նոր բան է պահանջելու։ Այսինքն՝ յուրաքանչյուր զիջում նա ընկալում է թուլություն, նա դա չի դիտարկում՝ որպես խաղաղասերի կեցվածք։ Թուրքը հազարամյակներ շարունակ չի փոխվել ու չի էլ փոխվելու, չի հրաժարվել իր Մեծ թուրանի գաղափարախոսությունից, նա ասել է, որ ինքը պետք է լինի, հայը չլինի։ Լուծումը թուրքն ունի, մնում է՝ մենք էլ հասկանանք, որ մենք էլ պետք է համապատասխան լուծում գտնենք»,- հավելեց պատմաբանը։

Նա վստահ է՝ ժողովուրդը միշտ էլ պատրաստ է պայքարի, առաջնորդի տեսնում է՝ դուրս է գալիս, չի տեսնում՝ դուրս չի գալիս։

«2018 թվականին այս ժողովուրդը սխալվել է, նրա մեծ մասը գիտակցում է, որ սխալվել է, այժմ վախենում է, որ կարող է նորից սխալվել, դրա համար էլ ուշադիր հետևում է։ Չեն կարող ժողովրդից ամեն օր պահանջել, որ դուրս գա փողոց՝ չներկայացնելով հստակ ծրագիր, ժողովուրդը դուրս կգա ու կկանգնի այն անձի կողքին, ով կհայտարարի, որ իր վրա պատասխանատվություն է վերցնում։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին եկավ ու ասաց՝ «քայլ անենք, մերժենք Սերժին», արդյունքը տեսանք, հիմա էլ ժողովրդին նույնն են ասում։ Եթե եղավ այն առաջնորդը, ով կհայտարարի, որ իր վրա պատասխանատվություն է վերցնում, մարդիկ կգնան նրա հետևից։

Չեմ հիշում՝ ո՞ր երկրի ղեկավարն է ասել, որ ընտրություն պետք է աներ՝ կա՛մ ինքը հարստանար, ու ժողովուրդն աղքատ ապրեր, կա՛մ պետք է այնպես լիներ, որ ամբողջ ժողովուրդը լավ ապրեր։ Նա ընտրել է վերջին տարբերակը, որ սեփական ժողովուրդը պետք է լավ ապրի, երկիրը բարգավաճի, որ ինքն էլ լավ ապրի։ Մեր ապագա ղեկավարության հոգեբանությունն այսպիսին պետք է լինի։

Այսօր ամեն ինչ վտանգված է, եթե ուզում ենք իմանալ, ամբողջ հայության ապագան է վտանգված։ Այս ռեզերվացիան վերջին ռեզերվացիան է, ուրիշ տեղ չունենք գնալու, սա արդեն հայրենիք չէ, ռեզերվացիա է։

Ես իմ շրջապատի մարդկանց միշտ ասում եմ՝ մենք գալու տեղ ունեինք՝ եկանք, դուք ո՞ւր եք գնալու։ Եթե չենք ուզում ռիսկի դիմենք, ապա կործանվելու ենք, եթե թշնամին ընտրել է քայլ առ քայլ սողոսկել մեր երկրի խորքը, մենք էլ պետք է ընտրենք նրան քայլ առ քայլ հետ մղելու կուրսը, այլ ելք չեմ տեսնում»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս