Ադրբեջանն ասում է՝ սահման չկա, թքած ունեմ 1991թ հռչակագրի վրա, բա էս ի՞նչ է բլբլում. Հրանտ Բագրատյան
«Մենք անելանելի դրության մեջ ենք` այն առումով, որ պետք է փոխել Փաշինյանին. երկիրը պետք է պատրաստ լինի՝ եթե իր վրա հարձակվեն, պաշտպանվի: Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, չկա,- «Միասին» այլընտրանքային շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ օրակարգային հարցերի մասին իր դիտարկումներում այս մասին նշեց շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ամբողջ օրը մենք լսում ենք հայհոյանքներ ռուսների հասցեին, չափազանցված պատկերացումներ Եվրոպայի մասին, մինչդեռ պետք է լավ լինել և՛ նրանց, և՛ նրանց հետ, այնուամենայնիվ, լավ հիշելով, որ ՌԴ-ն դաշնակից է»:
Հրանտ Բագրատյանը նկատեց՝ Մհեր Գրիգորյանը ձախողել է բանակցությունները. ըստ նրա՝ փոխվարչապետը չի տիրապետում քարտեզներին, տեղյակ չէ որոշումներից, որոնցով այս կամ այն հողը տրված է Հայաստանին:
«Ի մասնավորի՝ Ոսկեպարի հատվածում մենք ունենք ստանալիք 17 հազար հեկտար. ստորագրված է Ադրբեջանի կողմից: Այս մարդիկ տեղյակ չեն այդ պրոտոկոլներից:
Այսքան բանից հետո Ալեն Սիմոնյանը, տեսեք՝ ինչ ստորություն է անում. հրապարակում է քարտեզ, որտեղ կան անկլավները՝ ընդ որում, 3 անկլավ, և ասում է՝ տեսեք, սա է ՀՀ-ն. մենք ոչինչ ՀՀ-ից չենք տալիս:
Ախպեր ջան, 4+4 ֆորմուլան հասկացե՞լ ես. դա նշանակում է՝ մեր 4 գյուղը տալիս ենք, որովհետև իբր այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, ու դրանից հետո՝ 4 հատ էլ անկլավ եք տալիս. պետության երկրորդ դեմքը սա չգիտի, կամ էլ դավաճան է: Երկրորդը՝ հրապարակում է քարտեզ, որում 3 անկլավ կա, այդ թվում՝ Քյարքին, որի մասին Ադրբեջանը ստորագրել է, որ դա իրենը չէ»,- հավելեց նա:
Նախկին վարչապետը շեշտեց՝ բոլոր քարտեզներով Իլհամ Ալիևը «կրված է», քանի որ որևէ քարտեզով Ադրբեջանին «տալիք» չունի Հայաստանը, ու հենց այս պատճառով է նա հայտարարում, որ իրեն քարտեզներ պետք չեն:
«Բա եթե բոլոր տեսակի քարտեզները չեն անցնում, էս Փաշինյանն ի՞նչ է ասում՝ 1991 թվականի հռչակագիր: Ադրբեջանն ասում է՝ սահման չկա, թքած ունեմ 1991թ. հռչակագրի վրա, էս ի՞նչ է բլբլում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում