Մեր հասարակության մեջ կա՞ մի մարդ, ով մտածում է` Արմեն Աշոտյանը հանցագործ է ու պիտի նստի. պարզ չի՞, որ քաղբանտարկյալ է. Էդգար Ղազարյան
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի Հայաստան ժամանելուն ընդառաջ, վաղ առավոտից ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իրավապաշտպաններ, շարքային քաղաքացիներ՝ պահանջելով ազատ արձակել Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդներին, ռազմագերիներին ու գերիներին, ինչպես նաև հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալներին։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ էին գնացել քաղբանտարկյալների, պատանդների, ռազմագերիների ու գերիների լուսանկարներով։
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Եվրոպայի գլխավոր քարտուղարից ցանկանում է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։
«Ինձ մի բան է հետաքրքիր, Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, արդյո՞ք կարելի է, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի պատասխանատվության գոտում գտնվող մի հետամնաց միջնադարյան բռնապետ խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա, ցեղասպանության ենթարկի և կարճ ժամանակահատված հետո այդ մարդկանց իրենց հայրենի բնօրրանից բռնի տեղահանի։ Ինձ հետաքրքիր է, Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող այլ երկրներում նման բան գոյություն ունի՞, թե՞ ոչ։
ԵԽ անդամ որևէ երկիր կա՞, ուր ՄԻՊ-ը դառնա հետախույզ, դատախազը` ՄԻՊ:
Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկիր կա՞, որտեղ օրենքներն ընդունվում են ընդամենը մի քանի րոպեների ընթացքում իշխանական խմբակցության կողմից»,- հարցեր բարձրացրեց Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանը նաև հարց հնչեցրեց քաղբանտարկյալների վերաբերյալ՝ այն անձինք, որոնք այսօր գտնվում են հայաստանյան բանտերում, եթե քաղբանտարկյալ չեն, ապա ինչի՞ համար են նստած։
«Մեր հասարակության մեջ կա՞ մեկ մարդ, ով մտածում է, որ Արմեն Աշոտյանը հանցագործություն է կատարել ու պիտի բանտ նստի, պարզ չէ՞, որ Արմեն Աշոտյանը բանտում է գտնվում բացառապես իր քաղաքական դիրքորոշումների, կուսակցական պատկանելության համար։ Պարզ չէ՞, որ Մամիկոն Ասլանյանը բանտում է գտնվում, որովհետև ընտրություններում հաղթել է ՔՊ-ին»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում