Բաժիններ՝

Երևանում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ

Մայրաքաղաքում կկառուցվի երկու նոր շրջանցիկ ճանապարհ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կմ երկարություն և 25 մ լայնություն։ Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մ երկարությամբ երկաթյա կամուրջը։

Կկառուցվեն նաև երկկողմանի մայթեր, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորություն։ Ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 36 մլրդ դրամ, իսկ շինարարությունը կտևի մոտ 4 տարի։

«Մենք առաջարկում ենք Թբիլիսյան խճուղին միանգամից կապել Եղվարդի խճուղուն՝ ձորի հատվածով, ինչպես նաև գետի վրայով կառուցել կամրջային հատված։ Եղվարդի խճուղում կլինի շրջանաձև երթևեկություն` մեկ մակարդակով, ի տարբերություն Թբիլիսյանի, որտեղ երկմակարդակ է։ Կարծում եմ` ճանապարհն էականորեն կթեթևացնի և հնարավորություն կտա մեր քաղաքացիներին շրջանցել Երևանի մուտքը»,-նշել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Երևանում փողոցների ու ճանապարհների լայնացումն այսօր գրեթե անհնար է։ Շրջանցիկ ճանապարհների կառուցումը խնդրի հիմնական լուծումն է։
Ուլնեցի -Ռուբինյանց ճանապարհն այսօր ավարտվում է կամրջային հատվածով։ Այստեղ նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում դեպի Աճառյան փողոց: Ճանապարհահատվածը կունենա 3.6 կմ երկարություն։

«Այստեղ առաջարկում ենք «Ալմաստ» գործարանի մոտից կամրջային հատվածով նախկին երկաթգծի ճանապարհով շարունակել: Այդ ճանապարհը հնարավորություն կտա շարունակել առանց Աճառյան մուտք գործելու»,-ասել է Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանի առաջարկներն այս պահին ներդրումային կոմիտեում են։ ՀՈԱԿ-ի տնօրենը հուսով է մինչև տարեվերջ ունենալ նախագծային որոշակի լուծումներ, որից հետո արդեն համայնքը ձեռնամուխ կլինի քաղաքի հյուսիսային մուտքը բեռնաթափող ճանապարհների կառուցման գործնական փուլին։

Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ՝ 🔹 Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի 🔹 Աճառյան փողոցից՝ Ռուբինյանց փողոց

Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ՝

🔹 Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի

🔹 Աճառյան փողոցից՝ Ռուբինյանց փողոց

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Friday, April 5, 2024

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս