Բաժիններ՝

Ճապոնիան կխորացնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Չինաստանի ազդեցության աճի ֆոնին. Կիսիդա

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է ԱՄՆ-ի հետ խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, քանի որ անհանգստացած է Չինաստանի ռազմական հնարավորությունների զարգացմամբ և նրա ակտիվությամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին նա հայտնել է ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է Չինաստանին, նրանք բավարար թափանցիկություն չեն ապահովում և տարածաշրջանի այս մասում մեծապես և արագորեն ընդլայնում են իրենց ռազմական ուժը, ներառյալ միջուկային և հրթիռային հնարավորությունները։ Նրանք նաև մեծացնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այնպես որ, նրանց ակտիվությունը Ճապոնական ծովում, Խաղաղ օվկիանոսում և այլուր ընդլայնվում է և ավելի ինտենսիվ դառնում», – ասել է Կիսիդան:

Ճապոնիայի վարչապետը նաև նշել է, որ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները, ինչպես նաև պաղեստինաիսրայելական հակամարտությունը, միջազգային հանրությունը պատմական շրջադարձի առաջ է կանգնած։ Այդ համատեքստում, Կիսիդայի համոզմամբ, Ճապոնիա-ԱՄՆ համագործակցության կարևորությունն է՛լ ավելի է աճում։

Նրա խոսքով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիայի համար իրավիճակը Երկրորդ աշխարհամարտից ի վեր այժմ ամենաբարդն է:

Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Վաշինգտոնում պլանավորված է ապրիլի 10-ին։ Կողմերը նախատեսում են քննարկել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդումը։ Ապրիլի 11-ին Ճապոնիայի և ԱՄՆ-ի ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի մասնակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս