Մի գեղեցիկ օր կրկին կարող ենք հայտնվել բլոկադայի մեջ. Ո՞ւր են պատրաստվում ներքաշել Հայաստանը

Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումից Հայաստանի իշխանությունները մեծ սպասելիքներ են ձևավորել։ Հիմա էլ դրանով են ուզում շեղել հասարակության ուշադրությունը եղած խնդիրներից։ Տիեզերական իրադարձություն են սարքել, կեղծ սպասելիքներ են փորձում առաջացնել, կարծես դրանից հետո հայտնվելու ենք հեքիաթների աշխարհում, այլևս չեն լինելու այն լրջագույն խնդիրները, որոնց մեջ ներքաշել են երկիրը։

Այնինչ՝ իրականում այս ամենի տակ շատ ավելի մեծ ռիսկեր կան թաքնված, քան երևում է։ Որքան էլ հանդիպումը զուտ տնտեսական է, այն լուրջ քաղաքական բաղադրիչ ունի, ինչի հետ են կապված հիմնական ռիսկերը։

Բայց քաղաքական բաղադրիչը մի կողմ թողնենք։ Խոսենք տնտեսականի մասին։

Իշխանությունները հույս ունեն, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու զարգացնելու համար Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մեծ գումարներ կտան։ Չեն էլ թաքցնում իրենց ցանկությունները։ Բայց չեն հասկանում, որ Հայաստանի տնտեսության ու տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրը նույնիսկ գումարների մեջ չեն։ Կարող է շատ փող լինել, բայց այդ փողով ոչինչ չկարողանաս անել։

Կարդացեք նաև

Վերջին տարիներին էլ Հայաստան մեծ գումարներ են մտել, միլիարդավոր դոլարներ, բայց մի՞թե դրանից մեր տնտեսությունն ավելի զարգացած է դարձել կամ տնտեսական անվտանգությունն ավելի է բարձրացել։

Բացարձակ ոչ։ Մի բան էլ տնտեսական իրավիճակը Հայաստանում վատացել է, բազմաթիվ արտադրություններ փակվել են, արտադրական ծավալներն են կրճատվել։

Այս իրավիճակը բացարձակ կապ չունի փողի հետ։ Փողը չէ խնդիրը։ Միշտ չէ, որ միայն փողով են որոշվում տնտեսության զարգացման հեռանկարները։

Եթե չունես տնտեսությունն իրացնելու հնարավորություն, փողը ոչինչ չի տալու։

Ենթադրենք՝ վաղն Ամերիկան ու Եվրոպան Հայաստանին տարեկան մեկ, երկու կամ երեք միլիարդ դոլար են տալիս։ Ի՞նչ ենք անելու այդ փողը, որտե՞ղ ենք ներդնելու, ի՞նչ ծրագրերի մեջ։

Չորս տարի առաջ էլ հայտարարվեց Եվրամիությունից Հայաստանին 2,6 մլրդ դոլարի օժանդակություն տրամադրելու մասին։ Այս ընթացքում հազիվ կես միլիարդի ծրագրեր են կարողացել ֆինանսավորել։

Ոչ միայն ծրագրեր չկան, այլև եղածն էլ չեն կարողանում իրականացնել։

Ի՞նչ հույս, որ վաղը կարողանալու են տարեկան մեկ կամ երկու միլիարդի ծրագրեր իրականացնել։

Խաբկանք է հույսը միայն փողի հետ կապելը։ Եթե նույնիսկ հայտարարեն, որ պատրաստ են անսահման ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին, դա մեզ մեծ բան չի տալու։ Նախ, որ մեր տնտեսությունն ի վիճակի չէ մեծ փողեր կլանել։ Պարզապես տեղ չկա այդ փողը դնելու համար։ Անգամ, եթե լինի էլ, խնդիրները բոլորովին այլ տեղ են, որոնք միայն փողով չեն որոշվում։ Փող կարող է լինել, իսկ այդ փողով արտադրված ապրանքը տեղափոխելու հնարավորություն՝ ոչ։

Անշուշտ, Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտություն կա։ Դրա համար հարկավոր է բարձրացնել տնտեսության արտադրողականությունն ու մրցունակ արտադրանք արտադրել։

Բայց դա ո՛չ մեկ օրում, և ո՛չ էլ մեկ տարում հնարավոր չէ անել։ Դրա համար տարիներ ու տասնյակ տարիներ են պետք։

Հիմնական շուկաներից դուրս մնալու դեպքում՝ ի՞նչ է անելու Հայաստանը մինչև դրան հասնելը։

Այսօրվա արտադրական կարողություններով, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հայկական ապրանքներն ի վիճակի չեն իրացման նույնիսկ չնչին հնարավորություններ ակնկալել եվրոպական ու ամերիկյան շուկաներում։ Անգամ, եթե այդ շուկաներն ամբողջությամբ բացվեն հայկական ապրանքների համար։

Ժամանակին այդպիսի հնարավորություններ տվեցին Վրաստանին։ Տեսանք, թե ինչքանով Վրաստանի տնտեսությունը կարողացավ դրանից օգտվել։

Հայաստանի պարագան շատ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք հատկապես էներգետիկ ու լոգիստիկ մեծ կախվածությունը Ռուսաստանից։ Հայաստանն այստեղ բացարձակ այլընտրանք չունի։ Գազմատակարարման համակարգն ամբողջությամբ ռուսական է։ Ռուսաստանից է ստացվում ներքին շուկայում, այդ թվում՝ տնտեսության մեջ սպառվող ամբողջ ջազը։

Թե ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսական գազի գինը, ասենք, կրկնապատկվի, դժվար չէ պատկերացնել։ Դեռ չենք ասում, եթե տարբեր «արտակարգ» պատճառներով ընդհանրապես դադարեցվի գազամատակարարումը։

Թվում է, թե սրա այլընտրանքը պարսկական գազն է, բայց պարսկական գազն այլընտրանք չէ։ Բացի այն, որ դա շատ ավելի թանկ է, այլև վերջին շրջանում այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ է ի հայտ եկել՝ Հայաստանի իշխանությունների իրականացրած աշխարհաքաղաքական խաղերի հետևանքով։

Գուցե հույսն Ադրբեջանի ու Թուրքիայի վրա՞ է։

Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից միայն գազը չէ՝ ատոմակայանի միջուկային վառելիքը, հեղուկ վառելիքը, ներքին համակարգերը և այլն։ Արևմուտքը չի կարող սրան որևէ այլընտրանք առաջարկել։

Մեկ այլ խնդիր է լոգիստիկան։

Հայաստանը դրսի հետ կապող միակ ցամաքային ուղին Լարսն է, որի միջոցով իրականացվում է ապրանքաշրջանառության հիմնական մասը։ Այդպես է, որովհետև այլ տարբերակ պարզապես չկա։ Ի՞նչ կարող է լինել Հայաստանի տնտեսության հետ, սոցիալական հետևանքները դեռ մի կողմ ենք դնում, եթե Լարսը փակվի։ Մեկ-երկու ապրանքների մասով դա տեսել ենք։ Ամբողջությամբ փակվելու դեպքում նույնիսկ պատկերացնելն է սարսափելի։

Ընդ որում, խնդիրը միայն հայկական արտահանմանը չի վերաբերում։

Շատ ավելի լուրջ է պարենային անվտանգությունը։

Հայաստանի պարենային անվտանգությունը մեծապես կախված է դրսի շուկաներից։ Եթե փակվեն ներկրման հնարավորությունները, ոչ միայն տնտեսությունը կկորցնի կենսագործունեությունը, այլև կբախվենք բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ու պարենային շատ ապրանքների մատակարարումների շղթաների խաթարման հետ։

Մի գեղեցիկ օր կրկին կարող ենք հայտնվել բլոկադայի մեջ, ինչի հետևանքները 1990-ականներին տեսել ենք։

Հայաստանն այսօր բազմաթիվ թելերով կապված է ԵԱՏՄ և հատկապես՝ Ռուսաստանի տնտեսության հետ։ Իշխանություններին միամտաբար թվում է, թե բացառապես իրենցից է կախված՝ կշարունակե՞ն, թե՞ չեն շարունակի այդ հարաբերությունները։ Իսկ արդյո՞ք հաշվարկել են՝ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը կուզենա՞ն, քաղաքական վեկտորի փոփոխության պարագայում, շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ։ Սա մեծ հարց է, որի պատասխանն իշխանությունները չունեն և չեն կարող ունենալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս