Ուկրաինա-Հայաստան. զուգահեռներ ու տարբերություններ․ ի՞նչ չի անի Արևմուտքը ՀՀ-ի համար
Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգնության հերթական խմբաքանակն է խնդրում ԱՄՆ-ից՝ խոսելով դրա ձգձգման աղետալի հետևանքների մասին, Արևմուտքը տնտեսական և հումանիտար օգնություն է խոստանում Հայաստանին, որի հարցն առաջիկայում՝ ապրիլի 5-ին, կքննարկվի Բրյուսելում եռակողմ՝ Երևան-Բրյուսել-Վաշինգտոն ձևաչափով։
Տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում Ուկրաինային հատկացվելիք 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության թեման դարձել է ներքաղաքական բանավեճերի առարկա, որի պատճառով օգնությունը չի հաստատվում։ Այս ֆոնին ռազմական գետնի վրա Ուկրաինան, ըստ որոշ հավաստի աղբյուրների, չի կարողանում այլևս իր պաշտպանությունը կազմակերպել, ինչպես նախկինում, որի պատճառով ռուսական կողմն առաջ է գնում։ The Wasհington Post-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Կիևին տրամադրվելիք օգնության ուշացումը թանկ է նստել իրենց վրա։
«Մենք կես տարի ենք կորցրել։ Հավելյալ ժամանակ վատնել մենք պարզապես չենք կարող։ Ուկրաինային հատկացվող օգնությունը չի կարող ամերիկյան երկու կուսակցությունների միջև քաղաքական վեճի առարկա դառնալ»,- հայտարարել է Զելենսկին։ «ԱՄՆ կողմից օգնության բացակայությունն ուկրաինական ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ Patriot-ների ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկերի բացակայություն կնշանակի»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով, Ուկրաինայի հնարավորությունները ռազմի դաշտում կախված են նրանից, թե ինչ կորոշի Կոնգրեսը։
CBS News-ին տված հարցազրույցում էլ Զելենսկին ասել է, թե Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային օգնեց հաղթահարել 2023-2024-ի ձմեռը, սակայն այժմյան պայմաններում հնարավոր չէ սահմանափակել աջակցության չափը կամ ժամանակը: Նա շեշտել է, որ ԱՄՆ Կոնգրեսի, վարչակազմի հատկացրած գումարի մեծ մասը՝ ավելի քան 75%-ը, մնում է ԱՄՆ-ում։ Սրանից հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։
Արևմտյան ղեկավարները ևս կարծես հասկանում են, որ ճակատագրական սխալներ են գործում, և օգնությունը բավարար չափով և ճիշտ ժամկետներով չի հասնում Ուկրաինային։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համոզմամբ՝ դաշինքը պետք է «փոխի Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան»։ «Մենք պետք է ապահովենք անվտանգության ասպարեզում Ուկրաինային երկարաժամկետ վստահելի և կանխատեսելի օժանդակության տրամադրումը։ Դա հնարավորություն կտա առավելապես հիմնվել ՆԱՏՕ-ի երկարամյա պարտավորությունների և այլ ոչ թե՝ կամավոր հանգանակությունների կամ կարճաժամկետ խոստումների վրա»,- ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների՝ Բրյուսելում մեկնարկած հավաքի մեկնարկին հայտարարել է Ստոլտենբերգը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, դժգոհելով Կոնգրեսում Ուկրաինային բազմամիլիոնանոց օգնության փաթեթի հաստատումը ձգձգելու կապակցությամբ, հայտարարել է, թե Ուկրաինան ՌԴ-ի հետ իր պատերազմում «վճռորոշ փուլում է», և արևմտյան ավելի շատ օգնության հրատապ կարիք ունի։ Ֆրանսիա այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Էնթոնի Բլինքենն էական էր համարել Ուկրաինային պաշտպանվելու համար անհրաժեշտ մատակարարումները շարունակելը` հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմամթերքին և հակաօդային պաշտպանությանը: «Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու նախագահ Բայդենի՝ Կոնգրեսին ուղղված լրացուցիչ բյուջետային պահանջը պետք է կատարվի հնարավորինս արագ»,- ընդգծել էր Բլինքենը:
Առաջին հայացքից թվում է, որ ուկրաինական մարտադաշտում ծավալվող իրադարձությունները, Ուկրաինային հատկացվող օգնությունը, դրա դինամիկան որևէ առնչություն չունեն ՀՀ-ի շուրջ ներկայիս զարգացումների հետ։ Սակայն առնչությունը չափազանց ուղիղ է, ուստի կարևոր է նաև ճիշտ հասկանալ զուգահեռները։ Արևմուտքն իրականում ՌԴ-Ուկրաինա պատերազմի մեկնարկից ի վեր ահռելի ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային՝ ձգտելով Ուկրաինայի տարածքում մաշել և լուրջ պարտության մատնել ՌԴ-ին։ Թեև ակնհայտորեն Արևմուտքը դիտարկում է իրավիճակի զարգացման մի քանի սցենարներ, սակայն ՌԴ-ին պարտության մատնելը, գուցե ամենաբարդ, սակայն ամենացանկալի սցենարն է։ Եվ նույնիսկ այս իրավիճակում, երբ Ուկրաինան տիրապետում է արևմտյան լրջագույն ռեսուրսների, դժվարություններ ունի մարտի դաշտում։
Ըստ որոշ վերլուծաբանների, Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել հարավկովկասյան Ուկրաինայի։ Ուկրաինա-Արևմուտք հարաբերություններն էապես տարբերվում են ՀՀ-Արևմուտք հարաբերություններից, ՀՀ խնդիրները ևս էապես տարբերվում են Ուկրաինայի խնդիրներից, թեև արևմտյան քարոզչության ողջ էությունը հանգում է նույն խնդրին՝ Հարավային Կովկասում բոլոր խնդիրների պատճառն ու շահառուն Ռուսաստանն է և ոչ՝ Ադրբեջանը։ Սակայն, քանի որ ՀՀ-ն ունի ուղիղ հակամարտություն հենց Ադրբեջանի հետ, Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, խուսափում են ՀՀ-ի դեպքում խոսել տրվելիք անվտանգային երաշխիքների մասին, սակայն, ըստ իրենց պաշտոնական հայտարարությունների, ձգտում են բարձրացնել ՀՀ-ի կայունությունը, դիմադրողականությունը տնտեսական ոլորտում աջակցությամբ և հումանիտար աջակցությամբ։
Զուգահեռաբար՝ արևմտյան որոշ առաջնորդներ խոսում են նաև ՌԴ-ից ՀՀ ռազմական սպառնալիքների հնարավորության մասին, սակայն ամեն դեպքում ՀՀ-ի մասով ուղիղ անվտանգային երաշխիքների ու ռազմական մատակարարումների թեման փակ է։ Ավելին, երբ Ֆրանսիան սպառազինություն տրամադրեց Հայաստանին, հայտարարեց, որ այն կրում է բացառապես պաշտպանական բնույթ։ Իսկ չավարտվող պատերազմի և Ադրբեջանի ուղիղ սպառնալիքների պայմաններում թե որքանով ՀՀ-ին կբավարարի Արևմուտքի այս «աջակցությունը», խիստ կասկածելի է։ Թեև, ըստ մի շարք բավականին ծանրակշիռ վերլուծաբանների, Արևմուտքի միակ խնդիրը Հայաստանին զիջումների հարցում ոգևորելն է և հակամարտություններն օր առաջ ավարտին հասցնելը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ զուգահեռները չափազանց կարևոր են, քանի որ խոսուն են։ Ըստ նրա, պետք է ուշադրությամբ հետևել այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում և ինչու, ինչ գին է վճարում Ուկրաինան, ինչի համար, ինչ է ստանալու այս պատերազմի հետևանքով։
«Արևմուտքը ցանկանում է հնարավորինս թուլացնել, հարվածի տակ դնել Ռուսաստանին, թուլացնելով նրա աշխարհաքաղաքական շահերի ընկալումը։ Բնականաբար, պատերազմող երկիրը որոշ դժվարություններ կրում է, թուլանում է, դա ինչ-որ տեղ բխում է Արևմուտքի շահից, իսկ ի՞նչ է բխում Ուկրաինայի շահից. հատկապես վերջին ամիսներին տեսեք, թե ինչ է կատարվում ճակատում, Ուկրաինան չի դադարում օգնություն խնդրել Արևմուտքից և բողոքել։ Իսկ Հայաստանի դեպքում նույնիսկ, կարծում եմ, էական օգնություն չի լինելու, ինչ-որ փոքր քայլեր են արվելու՝ միայն ցույց տալու համար, որ կա աջակցություն, սակայն Արևմուտքը ոչնչի համար պատասխանատվություն չի ստանձնելու, ոչ անվտանգության համար, ոչ բանակցությունների համար։ Իսկ Ռուսաստանը տարիներ շարունակ ապահովում էր հարաբերական խաղաղություն, հիմա Հայաստանը փորձում է դեպի Արևմուտք շրջադարձ անել, սակայն անընդհատ խոսվում է միայն զիջումների մասին։ Ի՞նչ է շահում ՀՀ-ն»,- նման հռետորական հարց բարձրացրեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, Արևմուտքը լուրջ օգուտներ կշահի, քանի որ կստանա ներկայություն ռեգիոնում և կփորձի սրանով դուրս բերել Ռուսաստանին Հարավային Կովկասից։
«Զուգահեռները կարևոր են վերջնարդյունքը պատկերացնելու համար։ Արևմուտքի համար կարևոր չէ, որ ՀՀ-ն պարտվում է, կորուստներ է կրում, Արևմուտքին պետք է հասնել իր գլխավոր նպատակին։ Ուստի ուկրաինական դասերը պետք է ուսանելի լինեն ՀՀ-ի համար»,- նկատեց նա՝ շեշտելով, որ առաջիկա հանդիպումը Բրյուսելում պետք է ընկալել հենց այս կոնտեքստում։