Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. թեժ պայքար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 12:00-ին, շատ թեժ է անցնելու։
Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է եւ նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։
Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։
Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն եւ վստահում են գրեթե բոլորը։
Հավելենք նաեւ, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ եւ տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ եւ անմիջական հրահանգներով։
Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թեւի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, եւ նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ եւս արմատավորել իշխանական թեզերը»