
Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա՝ շեշտելով, որ պետք է հարգել դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական հաստատության վրա իրականացված հարձակումը և անհանգստացած է զոհերի մասին հաղորդումներից», – ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը հաստատում է, որ դիվանագիտական և հյուպատոսական տարածքների և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի բոլոր դեպքերում՝ միջազգային իրավունքին համապատասխան։
«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել հետագա էսկալացիայից: Նա զգուշացնում է, որ ցանկացած սխալ հաշվարկ կարող է հանգեցնել ավելի լայն հակամարտության առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում, ինչը կործանարար հետևանքներ կունենա խաղաղ բնակիչների համար, ովքեր արդեն աննախադեպ տառապանքներ են կրում Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և ամբողջ Մերձավոր Արևելքում»,- ասել է Դյուժարիկը։