Արևմուտքը խուսափում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ ստանձնել, նպատակը հակամարտությունների փակումն է․ վերլուծաբան
Ապրիլի 5-ին ընդառաջ Բաքուն շարունակում է Երևանին մեղադրել սահմանային միջադեպերի մեջ։ Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Բաքուն հայտարարեց, թե երեկ գիշերը ժամը 10-ի հատվածում ՀՀ ԶՈՒ-ն շուրջ 20 րոպե հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն սա հերքեց, հավելելով, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական զինուժն է կրակ բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի՝ Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, հաղորդելով, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում»,- ասված էր հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը: «Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար՝ զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հստակեցրել էր ՀՀ ՊՆ-ն նախօրեին։ Ընդ որում, ուշագրավ է, որ դեռ վերոնշյալ հաղորդագրությունից առաջ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր» չեն դիտարկվել։ «EUMA-ն ամբողջ օրը պարեկել է հայ-ադրբեջանական սահմանը, ամեն ինչ հանգիստ է եղել, արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ EUMA-ն բոլորին մաղթում է խաղաղ Զատիկ»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ իրավիճակին է անդրադարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, թե ԵՄ դիտորդական առաքելությունը նման բան չի արձանագրել՝ սահմանին, ըստ առաքելության, հանգիստ է և զորքերի ու հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան՝ «չնայած այդ հայտարարություններին»: «Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ սրվող հռետորաբանությունից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,- նշել է Միլլերը: Հերթական անգամ անդրադառնալով ապրիլի 5-ի հանդիպմանը՝ Միլլերն ասել է, թե սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը և աջակցելու Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: «Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ»,- ընդգծել է նա։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռեգիոնալ իրավիճակին ու դրա ռիսկերին՝ շեշտեց՝ շատ ուշագրավ է, որ Արևմուտքը, հստակ գիտակցելով ռեգիոնալ իրավիճակի էսկալացիայի բոլոր վտանգները և հատկապես վտանգները Հայաստանի համար, ստանձնում է ռեգիոնում մի դերակատարություն կամ հավակնում է ստանձնել մի բան, որը չի կարող անել, ուստի, ըստ էության, կարելի է արձանագրել, որ խուսափում է ռեգիոնում անվտանգության երաշխիքներ ստանձնել։
«Այլևս պարզ է դառնում, որ Արևմուտքի սցենարի ողջ էությունն ամեն գնով հակամարտությունները իբրև թե փակելն է, չեմ ասում՝ լուծել, քանի որ դա լուծում չէ, այլ փակում, որպեսզի Արևմուտքը կարողանա հասնել իր գլխավոր նպատակին՝ ՌԴ ազդեցության լիարժեք դուրսբերմանը ռեգիոնից։ Այս նպատակի շրջանակում Արևմուտքի համար կարևոր չէ, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես ու ինչ կարգավիճակով է հանգում իբրև թե խաղաղության, կարևորը վերջնարդյունքն է։ Կարծում եմ, սա է պատճառը, որ Արևմուտքին ձեռնտու են արագ համաձայնեցումները, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ զգուշացումներն ուղղվում են բոլոր կողմերին և կրում են անհասցե բնույթ։
ՀՀ-ն, եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից դժգոհ էր նաև նման հայտարարությունների պատճառով, սակայն ներկայումս, երբ ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից դեպի Արևմուտք, կրկին հայտարարությունները նման բնույթ են կրում, իսկ անվտանգության երաշխավոր բացարձակ չկա։ Լավ, թե վատ, երբ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն բնույթ էին կրում, ՌԴ-ն իր գործառույթները միջնորդի և երաշխավորի կատարում էր լավ։ Ներկայումս այդ տեղը չի լրացնելու Արևմուտքը երբեք»,- ասաց Եվսեևը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ դիտորդները հայտարարում են, թե կուտակումներ, տեղաշարժեր հայկական կողմում չկան, իսկ Ադրբեջանը կրկին նույնը շարունակում է։
«Սա նշանակում է, որ դիտորդները, որոնք, ըստ Երևանի, զսպող դերակատարություն ունեն, ազդում են իրավիճակի վրա, իրականում չունեն այդ դերակատարությունը»,- նկատեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, այս հանդիպումից առաջ նման ճնշումները և ռազմական սպառնալիքի վտանգի զգացողության ձևավորումը պարզապես ճնշում է բոլոր ներգրավված կողմերի նկատմամբ։
«Սակայն Արևմուտքը ոչ թե ուղիղ աջակցում է, ամրապնդում հայկական դիրքերը, այլ փորձում է Հայաստանին գրավել ինչ-որ հնարավոր տնտեսական օգուտներով, ոգևորելով համաձայնության հանգել Ադրբեջանի հետ և դուրս բերել ռուսական ազդեցությունը։ Եթե Հայաստանի արևմտյան ինտեգրացիայի նպատակը լիներ ՀՀ դիրքերի ամրապնդումը, ապա, կարծում եմ, վերջին շրջանի դիսկուրսը կրկին հայկական կողմից զիջումները չէին լինի։ Սա արդեն արվում է արևմտյան հովանու ներքո, նշանակում է, որ այդ քաղաքականությունը նաև Արևմուտքի հավանությանն է արժանացել, և ՀՀ-Արևմուտք պայմանավորվածության էությունը նման քաղաքականությունն է և ոչ հակառակը»,- ասաց նա։
Նրա կարծիքով, այս քաղաքականության հիմքում խորքային կոնսենսուսներ կան՝ ինչպես Երևանի ու Արևմուտքի, այնպես էլ՝ Բաքվի ու Արևմուտքի միջև։