Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ․ Մեթյու Միլլեր
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Խոսնակը հիշեցրել է, որ հանդիպումը վերաբերում է Հայաստանի բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և դիմակայունությանը։
«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Հայաստանի միջև, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Միլլերը՝ հավելելով, որ հանդիպումը տարածաշրջանային ուղղվածություն չունի։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։