Աշխարհն առանց թափոնների. մարտի 30-ին նշվում է Առանց թափոնների համաշխարհային օրը
Ամբողջ աշխարհում մարտի 30-ին նշում են Առանց թափոնների համաշխարհային օրը։
Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից` նշելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրվա խորհրդի շրջանակում առաջարկում է ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որոնք կօգնեն բարելավել բոլորի կյանքը և կաջակցեն բնությանը` գնել կամ կարել կտորե տոպրակ, կրկին օգտագործել տանն առկա պլաստիկը, հրաժարվել թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվել թեյի քամիչներից, օգտագործել բազմակի օգտագործման բաժակներ, հեղուկ օճառի փոխարեն օգտագործել օճառի սալիկներ, տանն առանձնացնել թուղթը, պլաստիկը և ապակին ու մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը: