Տավուշում կլինի գյուղերի մեկուսացում, անվտանգ տեղաշարժի անհնարինություն, Ադրբեջանի վերահսկողություն ստատեգիական օբյեկտների նկատմամբ. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը վստահ է՝ եթե Ադրբեջանի զինծառայողներին թույլ տրվի նույնիսկ շատ քիչ մոտենալ հայկական բնակավայրերին՝ դրանով միանգամից անհնարին կդարձնեն մարդկանց կյանքը։
«Մենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում ունենք գյուղեր, որտեղ մարդկանց կյանքը, անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, զրկված են ազատ տեղաշարժից, սեփականության իրավունքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, զրկված են նաև ճանապարհներն օգտագործելու հնարավորությունից։ Կան համայնքային ճանապարհներ, որտեղ կանգնած են Ադրբեջանի զինծառայողները։
Բնականաբար, Տավուշում մենք ունենալու ենք նույն իրավիճակը՝ գյուղերի մեկուսացումներ, ճանապարհների օգտագործման, անվտանգ տեղաշարժի անհնարինություն։ Մարդիկ հնարավորություն չեն ունենալու օգտագործել իրենց արոտավայրերը, այգիները, վարելահողերը։ Դրանից բացի, լրջագույն ստրատեգիական օբյեկտների նկատմամբ է Ադրբեջանը ստանալու առավելություններ և վերահսկողության կամ թիրախի ներքո պահելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Տավուշում խաղաղ բնակիչներին ու առհասարակ Տավուշի անվտանգությանը, եթե իշխանությունը հանձնի այն տարածքները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է։
Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ նաև պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի զինծառայողները, որոնք ՀՀ տարբեր հատվածներում գտնվում են բնակավայրերին մոտ, հաճախ ցուցաբերում են սանձարձակ պահվածք ու կրակում են։ Նա անթույլատրելի է համարում մեխանիկական մոտեցումներով առաջնորդվելը։
«Այսօր մի արհեստական դիսկուրս կա՝ տարածք կամ ոչ տարածք, կամ միլիմետրով տիրապետում ենք սահմանին և այլն, սա ի՞նչ արտահայտություն է։ Եթե միլիմետրերով տիրապետում եք, բա դեմարկացիան ու դելիմիտացիան ինչի՞ համար է։
Դեմարկացիայի ու դելիմիտացիայի կամ սահմանազատման միջազգային պահանջները պարտադրում են, որպեսզի անպայման հաշվի առնել իմ այս նշած հարցերը։ Եթե սա, ինչպես հայտարարում են, դելիմիտացիա է կամ սահմանազատում, ապա պարտադիր պետք է լինեին ոչ միայն տեղագրական այդ քարտեզները, այլև կադաստրային, գեոդեզիական, այսինքն՝ հողերին վերաբերող, անտառներին, ջրային ակունքներին։ Այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք մարդկանց կյանքը խաթարվում է, մարդիկ ունենո՞ւմ են զրկանքներ, թե՞ ոչ։ Իսկ մենք տեսնում ենք Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի օրինակով, որ մարդկանց բնականոն իրավունքն ամբողջությամբ խաթարված է»,- հավելեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում