Զելենսկին անձամբ է մեկնաբանել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ մեկնաբանել է մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և Ուկրաինային ուղղված Մոսկվայի մեղադրանքները։
Իր ավանդական երեկոյան տեսաուղերձում նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը գրեթե մեկ օր անց է դիմել իր երկրի բնակիչներին։
«Նրանք եկել են Ուկրաինա, այրում են մեր քաղաքները և փորձում են մեղադրել Ուկրաինային։ Նրանք խոշտանգում և բռնանում են մեր մարդկանց վրա և նրանց են մեղադրում։ Նրանք իրենց հարյուր հազարավոր ահաբեկիչներին այստեղ՝ ուկրաինական հող են բերել, կռվում են մեր դեմ, և իրենց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրենց երկրի ներսում։ Դեռ երեկ այս ամենը եղավ, և այս ոչնչություն Պուտինը, փոխանակ զբաղվի Ռուսաստանի իր քաղաքացիներով, դիմի նրանց, մի ամբողջ օր լռեց. մտածում էր, թե ինչպես դա կապի Ուկրաինային։ Ամեն ինչ բացարձակապես կանխատեսելի է»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանում արդեն եղել են նմանատիպ ահաբեկչություններ, և Ռուսաստանի իշխանությունները միշտ մեղադրել են ուրիշներին։
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մոսկվայում, ակնհայտ է, որ Պուտինն ու մյուս տականքները պարզապես փորձում են բարդել ուրիշների վրա։ Նրանք միշտ գործում են նույն մեթոդներով։ Դա արդեն եղել է: Եվ պայթեցված տներ են եղել, և գնդակահարություններ, և պայթյուններ։ Եվ նրանք միշտ մեղադրում են ուրիշներին: Նրանք եկել են Ուկրաինա, այրում են մեր քաղաքները, և փորձում են մեղադրել Ուկրաինային։ Նրանք խոշտանգում և բռնանում են մեր մարդկանց վրա, և նրանց են մեղադրում»,- ասել է պետության ղեկավարը։
Նա հավելել է, որ «հարյուր հազարավոր ռուսաստանցիները, որոնք այժմ սպանում են ուկրաինական հողում, հաստատ բավարար կլինեին ցանկացած ահաբեկչի կանգնեցնելու համար»: Եվ «եթե ռուսները պատրաստ են լուռ մեռնել «կրոկուսներում» և որևէ հարց չտալ իրենց հետախուզական ծառայություններին, ապա Պուտինը դեռ բազմաթիվ նման իրավիճակներ կփորձի շրջել հօգուտ իր անձնական իշխանության»: