6 ամսում պետական պահուստները 838 մլն դոլարով պակասել են

Ժամանակին, երբ Հայաստանի արտաքին տարադրամային պահուստներն ավելանում էին, Նիկոլ Փաշինյանը պահը բաց չէր թողնում դրանք պատմական համարել։ Ասում էր, որ միջազգային պահուստները ոչ միայն ֆինանսական, այլև մակրոտնտեսական կարևոր գործոն են։ Ազդում են տնտեսության միջազգային վարկանիշի վրա։

Վերջին շրջանում հակառակ երևույթն է տեղի ունենում, պահուստներն անընդմեջ նվազում են, վաղուց այլևս դադարել են «պատմական» լինել։

Թվում է, թե սա պիտի անհանգստացներ Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե «պատմական ռեկորդների» շրջանում, դրա արդյունքում տնտեսության վարկանիշը բարձրանում էր, ինչպես ինքն էր բնորոշում, ստացվում է, որ հիմա հակառակն է տեղի ունենում՝ ընկնում է, ռիսկեր են ստեղծվում նաև ֆինանսական ու մակրոտնտեսական կայունության համար։

Բայց Նիկոլ Փաշինյանին դա կարծես այլևս քիչ է հետաքրքրում՝ տակը «պատմական ռեկորդներ» չկան, որպեսզի շտապի այդ մասին խոսել։

Կարդացեք նաև

Վեց ամիս է, Հայաստանի միջազգային տարադրամային պահուստներն անընդմեջ նվազում են։ Այդ ընթացքում համախառն պահուստներն արդեն հասցրել են կրճատվել ավելի քան 838 մլն դոլարով։

Զուտ արտարժույթով արտահայտված պահուստների նվազումը նույնիսկ ավելի մեծ է՝ գրեթե 852 մլն դոլար։

Մարտի սկզբի դրությամբ, Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են շուրջ 3 մլրդ 381 մլն դոլար։

Մի քանի ամսում դրանք մեծապես կրճատվել են։ Պահուստների պիկն արձանագրվեց անցած տարվա օգոստոսին, երբ դրանք գերազանցում էին 4,2 մլրդ դոլարը։ Ամսեամիս նվազելով՝ հիմա հասել են 3 մլրդ 381 մլն դոլարի։

Վեց ամսում միջազգային պահուստներում պահվող Հայաստանի գումարները գրեթե 20 տոկոսով պակասել են։

Ի՞նչ են եղել, հայտնի չէ։

Վեց ամսում համախառն պահուստների 838 մլն դոլարով և զուտ արժութային պահուստների գրեթե 852 միլիոնով կրճատումը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Այսպես շարունակվելու դեպքում, արդյո՞ք դա ռիսկեր չի ստեղծի ֆինանսական ու մակրոտնտեսական կայունության համար։ Հատկապես հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք վերջին շրջանում գնալով նկատելի են դառնում։

Հայաստանի համախառն միջազգային պահուստներն այս տարվա առաջին երկու ամիսներին կրճատվել են 221 մլն դոլարով. 27 միլիոնով՝ հունվարին, և 194 միլիոնով՝ փետրվարին։

Պահուստների մակարդակը հիմա ավելի ցածր է նաև նախորդ տարվանից։

Նախորդ տարվա փետրվարի վերջի կամ մարտի սկզբի դրությամբ դրանք կազմել էին գրեթե 3 մլրդ 545 մլն դոլար։ Այս տարի կազմել են շուրջ 3 մլրդ 381 մլն դոլար։

Նվազել են գրեթե 164 միլիոնով։

Պահուստների այսօրվա մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան նույնիսկ 2022թ. հուիսին էր։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ նոր էր սկսվել դրսից ֆինանսական միջոցների ակտիվ հոսքը։

Այս ընթացքում չնայած մեծաքանակ գումարներ են մտել Հայաստան, դրանք ըստ էության ոչնչով չեն նպաստել մեր երկրի միջազգային պահուստների համալրմանը, արտարժութային դիրքի ամրապնդմանը։ Մինչդեռ առաջիկայում պահուստները կարող են մեզ շատ պետք լինել՝ կապված ֆինանսական միջոցների ներհոսքի նկատվող նվազման և դրա հնարավոր հետևանքների հետ։ Վերջին շրջանում դրսից ֆիզիկական անձանց միջոցով Հայաստան մտնող գումարները սկսել են կրճատվել։ Եվ, որ ավելի վատ է, մեծացել է արտահոսքը։ Էապես պակասել է մնացորդը։

Ֆինանսական այս շարժերի արդյունքում ներքին շուկայում անհամեմատ ավելի քիչ գումար է մնում։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվարին ստացված ու դուրս գնացած գումարների տարբերությունը կազմել է ընդամենը 32 մլն դոլար, ինչը 137 միլիոնով կամ ավելի քան 4 անգամ քիչ է, քան անցած տարի էր։

Որքան տարադրամային հոսքերը կրճատվում են, այնքան սահմանափակվում են Կենտրոնական բանկի՝ միջազգային արժութային պահուստները համալրելու հնարավորությունները։ Եթե վերջին գրեթե երկու տարվա ակտիվ հոսքերի պարագայում է պահուստների մակարդակը այսպիսին, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, երբ դրանք ոչ միայն կրճատվեն, այլև դադարեն այնպիսի տեմպերով գալ, ինչպիսին արձանագրվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից ու հատկապես՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո։

Երկու տարվա ընթացքում Հայաստան է մտել շուրջ 11 մլրդ դոլար։ Ահռելի գումար մեր ֆինանսական շուկայի համար։ Բայց որքան էլ կարող է տարօրինակ թվալ, դա գրեթե չի նպաստել երկրի արտաքին պահուստների ավելացմանը։

Կենտրոնական բանկը պարզապես նպատակահարմար չի համարել դրանց մի մասը հավաքել և ուղղել պահուստների համալրմանը։ Կամ հավաքել է, բայց քիչ։

Փոխարենը՝ թողել է, որպեսզի ճնշումը փոխարժեքների վրա մեծապես ավելանա և հանգեցնի տարադրամի էժանացման՝ ի հաշիվ դրամի ամրապնդման։

Այս քաղաքականությունը լուրջ վնասներ է առաջացրել մակրոտնտեսական միջավայրում։ Խնդիրներ են ստեղծվել տնտեսության հատկապես արտահանելի հատվածում։ Բազմաթիվ ոլորտներում ունենք արտադրության ծավալների նվազում։ Տուժել են տնտեսության շատ, այդ թվում՝ ռազմավարական համարվող ճյուղերը, որոնք կորցրել են մրցունակությունը։ Իսկ իշխանություններն այդ ամենին մատների արանքով են նայել։ Տնտեսությունը մատնել են բարձիթողի վիճակի, ինչ է թե՝ ֆինանսական միջոցների այս հոսքերից բյուջե որոշ գումարներ են եկել։ Բայց եկել է նաև դրանց հրաժեշտ տալու ժամանակը։

Առաջիկայում ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով ֆինանսական հոսքերը Հայաստան կշարունակեն կրճատվել։ Իսկ դա նշանակում է, որ նվազելու են նաև միջազգային պահուստները դրանց հաշվին համալրելու հնարավորությունները։

Ենթադրվում է, որ պահուստներն առաջիկայում էլ կնվազեն։ Թեև արդեն այսօրվա դրանց մակարդակը խնդրահարույց է մի շարք միջազգային չափանիշների համադրելիության աստիճանով։ Խոսքը, մասնավորապես, ներմուծման անհրաժեշտ երեք ամսվա ծածկույթ ապահովելու մասին է, ինչին Հայաստանի միջազգային պահուստներն այլևս չեն ձգում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։