Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով 3 մարդ զոհվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Skoda» (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1996 թ․), «BMW» (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1997 թ․), «Volkswagen» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1976 թ․) և «Ford» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Մ. Դ.-ն և ինքնությունը չպարզված ևս մեկ ուղևոր մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 1965 թ), Գ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Է. Խ.-ն (ծնված 1980 թ.) և Վ. Ե.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի դի, իսկ վարորդի դին հայտնաբերել մեքենայից դուրս. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, «BMW» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: