Փաշինյանը չի՞ եղել Գյումրի-Բավրա ճանապարհին, չի՞ տեսել, որ անտեղ էլ սննդի կետ չկա, թող հանձնի թուրքին. Գագիկ Համբարյան
Նիկոլ Փաշինյանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տնտեսության վերաբերյալ դասախոսություն է կարդում։
«Այցով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եմ։ ԲՈՒՀ-ի պանելային քննարկումների հարթակում ներկայացնում եմ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով դասախոսությունը»,- գրել է նա։
Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրիում բնակիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են դժգոհ բացականչություններով ու մեքենաների ազդանշաններով՝ այդկերպ «մերժելով Նիկոլին»։
168.am–ը քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ որպես դասախոս՝ հրավեր ստացե՞լ է մասնակցելու Նիկոլ Փաշինյանի դասախոսությանը, ի՞նչ կարծիք ունի այդ դասախոսության վերաբերյալ։
Գագիկ Համբարյանը փոխանցեց, որ որևէ հրավեր չի ստացել, ստանալու դեպքում էլ՝ ներկա չէր լինի։
«Այդ դասախոսությունը լսելու փոխարեն, մի շարք հարցեր կային, որոնք պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ, իշխանության գալուց հետո մասնակցել է գազի բալոնների գործարանի, ավտոմոբիլի արտադրության գործարանի բացմանը, իր իշխանության ներկայացուցիչը «Շիրակ» օդանավակայանից հայտարարում էր, որ պետք է բացել ինքնաթիռաշինական գործարան, ի՞նչ եղան այս ամենը։ Ի՞նչ եղավ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացելու ծրագիրը, կամ ինչո՞ւ մինչև հիմա չի գործում Գյումրու օդային տրամվայը։ Կամ՝ թող հարցնեն՝ Նիկոլը եղե՞լ է Գյումրու տնակային գետտոներում՝ Մանուշյան փողոցի ծայրամասում և ավտոկայանի տնակավանում։ Վեց տարի վարչապետ է, բայց մատը մատին չի տվել տնակային վրանները վերացնելու համար։ ԱԺ ամբիոնից օրերս հայտարարում էր, թե Բաղանիս-Կիրանց ճանապարհին ոչ մի սննդի կետ ու խանութ չկա, հիմա հարց՝ 6 տարիների ընթացքում ի՞նչ է արել, որ այդ ճանապարհին ռեստորան ու խանութ բացվի՝ ոչինչ։
Նիկոլ Փաշինյանը չի՞ եղել Գյումրի-Բավրա ճանապարհին, չի՞ տեսել, որ անտեղ էլ սննդի կետ չկա, թող հանձնի թուրքին, Գյումրիից խոշորացված Անի համայնքի ճանապարհին նույնպես խանութներ ու ռեստորաններ չկան՝ թող դրանք էլ հանձնի»,- հեգնեց Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա, տնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի արել, հետևաբար՝ դասախոսությունը հասարակության «աչքերին հերթական թոզ փչելն» է։
«Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, թե վերջին անգամ ե՞րբ է բարձրացրել Շիրակի պետական համալսարանի դասախոսների աշխատավարձը։ Իմը վերջին անգամ բարձրացել է 2016 թվականին, երբ ռեկտորը Վարդևան Գրիգորյանն էր։
Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, թե մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ է բերել Հայաստան, բայց դա ոչ թե նրա գործոնով, այլ ռուս-ուկրաինական պատերազմով է պայմանավորված եղել։ Նիկոլ Փաշինյանն առհասարակ տնտեսության հետ ի՞նչ կապ ունի, բացի պետական պարտքն ավելացնելուց։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պետական պարտքն ավելացել է 100 մլն դոլարով, ամեն տարի, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 140 մլն դոլարով, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ՝ 490 մլն դոլարով, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք տարեկան պարտքն ավելացել է 900 մլն դոլարով։
Տնտեսության ոլորտում իշխանությունների միակ ձեռքբերումն անորակ ասֆալտն է, որով կերակրում է հայրենավաճառ հասարակության մի մասին»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է խոսի այն մասին, թե ինչպես իր օրոք Հայաստանը հաղթանակած պետությունից դարձրեց կապիտուլացված, չհարգված պետության:
«Նիկոլի օրոք մենք կորցրել ենք 14.000 քկմ տարածք՝ մեր պատմական հայրենիքը՝ Արցախի Հանրապետությունը։ Նրա կառավարման օրոք ադրբեջանցիները հայտնվեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Իշխանասարում, Սև լճում, Ներքին Հանդում, Տեղում, Սոթքում և այլ վայրերում, մոտ 240 քկմ տարածք ադրբեջանցիների կողմից օկուպացված է։ Հիմա էլ Նիկոլն իր մանկլավիկների, անհայրենիք զանգվածի միջոցով փորձում է հասարակությանը համոզել, որ այն, ինչն ինքն անում է Տավուշում, նորմալ է։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսողներին՝ ամոթ իրենց, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր մարդիկ նստած լսում են թերուս մեկի դասախոսությունը՝ ամոթ է»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։
Զվարթ Խաչատրյան