
Ուելսի իշխանուհի Քեյթի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Ուելսի իշխանուհի Քեյթը հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. նա կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրս է անցնում։ Իշխանուհի Քեյթն այս մասին հայտնել է մարտի 22-ին հրապարակված տեսաուղերձում։
42-ամյա Քեյթը նշել է, որ ուռուցքը հայտնաբերվել է հունվարին տարած վիրահատությունից հետո։
«Իհարկե, սա ահռելի ցնցում էր, և Ուիլյամն ու ես անում ենք ամեն բան, որ սա հաղթահարենք` հանուն մեր երիտասարդ ընտանիքի: Ինչպես կարող եք պատկերացնել, սա ժամանակ պահանջեց: Ինձ ժամանակ էր պետք լուրջ վիրահատությունից հետո վերականգնվելու և բուժումը սկսելու համար: Բայց ամենակարևորը, մեզ ժամանակ էր պետք, որպեսզի Ջորջին, Շառլոտային և Լուիին ամեն ինչ բացատրենք նրանց համար ամենահարմար ձևով և վստահեցնենք նրանց, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի»,- տեսանյութում ասում է իշխանուհի Քեյթը։
Հունվարին որովայնի խոռոչի վիրահատությունից հետո Քեյթը հանրության առջև չէր հայտնվել, ինչը բազմաթիվ ասեկոսեների և ենթադրությունների տեղիք էր տվել։
Քեյթը բրիտանական թագավորական ընտանիքի միակ անդամը չէ, որի մոտ վերջին ամիսներին քաղցկեղ է ախտորոշվել։ Ուռուցք է հայտնաբերվել նաև Չարլզ 3-րդ թագավորի մոտ։