ԱՄՆ-ում տղամարդուն փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամ

ԱՄՆ-ում 62-ամյա տղամարդուն փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի երկիկամը։ Հաղորդվում է, որ նա բարեհաջող ապաքինվում է վիրահատությունից հետո և շուտով կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից:

Ինչպես նշում է bbc.com-ը, ամերիկացի վիրաբույժներն իսկական հերոս են անվանում Ռիկ Սլեյմանին, որը համաձայնել է նման նորարարական վիրահատության։

Մինչ այժմ եղել են միայն խոզերի երիկամի փոխպատվաստման փորձնական դեպքեր, օրինակ՝ 2022 թվականին դրանք փոխպատվաստվել են հիվանդին, որի մոտ ուղեղի մահ էր գրանցվել։

Սլեյմանը մարտի 16-ին վիրահատվել է Բոստոնի Massachusetts General հիվանդանոցում՝ չորս ժամ տևած պրոցեդուրայի ընթացքում: Հիվանդանոցը վիրահատության հաջողությունը որակել է «կարևոր նվաճում հիվանդների համար ավելի հեշտ հասանելի օրգանների որոնման հարցում»: Ներկայում աշխարհում մարդկային դոնորի օրգանների զգալի պակաս կա, ուստի հիվանդները հաճախ երկար են սպասում փոխպատվաստման հնարավորությանը:

Ռիկ Սլեյմանը երիկամային անբավարարության երկար պատմություն ունի. 2018 թվականին նա նույն հիվանդանոցում ստացել է մարդ դոնորի երիկամ։ Վիրահատությունից հինգ տարի անց՝ 2023 թվականի մայիսին, նրա օրգանիզմը մերժեց դոնորական երիկամը, և տղամարդը ստիպված է եղել վերադառնալ հեմոդիալիզի։ Սա նույնպես դժվար էր. նրա արյունատար անոթներն այնքան էին օգտագործվել հեմոդիալիզի համար, որ նրա մոտ առաջացել էին անոթային հասանելիության բարդություններ: Երկու շաբաթը մեկ հիվանդը պետք է գնար հիվանդանոց՝ թրոմբները վերացնելու և վիրահատության ենթարկվելու, ինչը զգալիորեն վատթարացրեց նրա կյանքի որակը, պատմել են բժիշկները։

Ի վերջո Սլեյմանը համադրել է դրական և բացասական կողմերը և որոշել օրգան փոխպատվաստել կենդանուց:

«Ես սա տեսա ոչ միայն որպես ինձ օգնելու հնարավորություն, այլ նաև հույս հազարավոր մարդկանց, որոնք չէին գոյատևի առանց օրգանների փոխպատվաստման», – ասել է ամերիկացին:

Տեսանյութեր

Լրահոս